ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցան «Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումներ:

130 մասնակից էր ցանկություն հայտնել՝ ներկա լինելու քննարկմանը, որը տեւեց շուրջ 4 ժամ։ Բացման խոսքով հանդես եկավ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, ով նախ հանդիմանեց, թե «մեզ հաճախ մեղադրում են, որ քանդում ենք դպրոցը․ եկեք հասկանանք՝ ո՞ր դպրոցի մասին է խոսքը»։ Նա նկատեց, որ ներկայիս դպրոցն ավարտելուց հետո աշակերտն իր չիրացվածությամբ դառնում է կիսամարդ կամ կիսաքաղաքացի, իսկ այն արդյունքը, որին հասնում ենք երեխաների կյանքի 12 տարին վերցնելով, կարող էինք ստանալ շուրջ 9 տարում։ Իր մեկ ժամանոց ելույթում նա խոսեց ֆունկցիոնալ անգրագիտության, հմտություն չդարձող գիտելիքի ու կարողության, գնահատման համակարգի եւ մի շարք այլ հարցերի մասին․ «Մանկավարժական համալսարանում՝ 1-ից 4-րդ կուրսերում, սովորում է ընդամենը 7 ուսանող, որոնք սովորում են, որ դառնան ֆիզիկայի ուսուցիչ։ Քիմիայից պատկերն ավելի վատ է, 1 հոգի դիմել է 2017-ին, 1 հոգի՝ 2018-ին, մյուս տարիներին՝ 3-ական հոգի։ Ամեն տարի մեր ընդհանուր 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու ցանկություն է հայտնում շուրջ 500 հոգի»։

«Հանրակրթության մասին» օրենքը, ըստ նրա, նպատակադրում է 4 հիմնական ուղղություն՝ հանրակրթության բովանդակության փոփոխություններ, ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման քաղաքականության փոփոխություն, ներառական կրթության տրամաբանության եւ համակարգի փոփոխություն, հանրակրթության կառավարման համակարգի փոփոխություն, որն ամիսներ շարունակ դարձավ ամենաքննարկվող հարցը։

Դահլիճից հետաքրքրվեցին՝ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ դպրոցում 2 ղեկավար ունենալու փոխարեն տնտեսվարի գործառույթը մեծացնեին, աշխատավարձը բարձրացնեին եւ վարչատնտեսական մասի վարիչի պարտականությունները նրա վրա դնեին։ Բայց փոխնախարարի կարծիքով՝ իրենց առաջարկած փոփոխությունը ոչ թե մեխանիկական է, այլ՝ կոնցեպտուալ։ Այդուհանդերձ, անհասկանալի է, թե ում մոտ է լինելու դպրոցի կնիքը․ այս հարցին Ժ․ Անդրեասյանը հակադարձող հարցով պատասխանեց․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի կնիք․ մեր ընդհանուր քաղաքականությունն է՝ հնարավորինս հրաժարվել նաեւ կնիքների օգտագործումից, նաեւ արդարադատության նախարարության վերջին շրջանի բարեփոխումները այս ուղղությամբ քայլեր են։ Մենք ենթադրում ենք, որ առաջիկայում հաշվի առնելով գործընթացների թվայնացումը էլեկտրոնային համակարգով իրականացնելու եւ նաեւ էլեկտրոնային ստորագրության կիրառության լայն հնարավորությունները՝ կնիքի խնդիր ընդհանրապես դպրոցի մակարդակում չենք ունենալու»։

Թիվ 167 դպրոցի տնօրեն Կիմա Սարգսյանի հարցը վերաբերում էր դպրոցի կառավարման մոդելին, որտեղ վարչատնտեսական մասի ղեկավարի լիազորություններն ավելի դոմինանտ են, եւ ունի լիազորությունների լայն սպեկտր։ «Ուսումնական մասի տնօրենը բոլոր տեղերում առաջարկություններ է ներկայացնում՝ լինի դա հաստիքացուցակ, ֆինանսական հարց, վերջնական կարծիք արտահայտում է վարչատնտեսական մասի ղեկավարը։ Մի՞թե չեք տեսնում, որ կարող են շատ խիստ հակասություններ առաջանալ այդ կառավարման մոդելում, որի արդյունքում կտուժի մեր գերխնդիրը՝ ուսումնական գործընթացը»,- նշեց դպրոցի տնօրենը, ով տնօրենի ընտրական կարգի անցումը նշանակովի կարգի համարեց ժողովրդավարական սկզբունքներից հետընթաց, իսկ փոխնախարարը փորձեց հավաստիացնել, որ ներդրվող գործընթացը լինելու է առավելագույնս թափանցիկ եւ պրոֆեսիոնալ։

Գոգոլի անվան թիվ 35 դպրոցի նախկին տնօրեն Ասատուր Սարյանն էլ մտագոհություն հայտնեց, որ մասնագիտական հանձնաժողովը, որի դրական եզրակացության հիման վրա էլ պետք է կատարվի տնօրենի նշանակումը, հնարավոր է վերածվի մեկ քաղաքական ուժի համակրանքը վայելող անձանց նշանակման ինստիտուտի։

Արամ Փախչյանը, ով ներկա էր քննարկմանը որպես Անկախ դպրոցների ասոցիացիայի խորհրդի նախագահ, նշեց, որ ասոցիացիան ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ, եւ իրենց առաջարկների մեծ մասը ներառվել է օրինագծի վերջին տարբերակում․ «Ամեն դեպքում, կարիք կա հստակեցնելու, թե ինչպես են համագործակցում վարչական գծով համակարգողը եւ տնօրենը, որովհետեւ մեր փորձից մենք լավ գիտենք, որ մարդիկ ինչ-ինչ պատճառներով, նշանակված լինելով վերեւից, գալիս են կոնֆլիկտի։ Իրենք կգտնեն հազար ձեւ եւ միջոց՝ խնդիրը սրել, այն պարագայում, երբ վարչական ղեկավարի մոտ չկա խորը ներգրավվածություն կրթական բովանդակության մեջ, այլ կա զուտ վարչական հետաքրքրվածություն՝ իրենը պնդել, առաջ տանել իր օրակարգը։ Դա շատ հեշտ կլինի իրականացնել, եւ տնօրենը կհայտնվի կախյալ վիճակում շատ հարցերում, եւ խորհուրդն էլ ընդամենը ստիպված կլինի երկու կողմերին կոչ անել համագործակցության, որովհետեւ ոչ մեկի վրա էլ ազդեցության լծակներ չունի։ 2-րդ խնդիրն այն է, որ խորհուրդը կարող է տնօրենին զրկել պաշտոնից, որը ճգնաժամային լծակ է, մենք առաջարկում ենք՝ գոնե այս պարագայում ունենալ մի համակարգ, որտեղ խորհուրդն ընտրի 3 թեկնածուներից մեկին, որպեսզի պատասխանատվության զգացումը խորհրդի մոտ լինի»։

Նախկին ուսուցիչ Վանիկ Կարապետյանն էլ հետաքրքրվեց, թե, օրինակ, ինչպիսի մասնագիտական չափորոշիչների պետք է համապատասխանի վարչատնտեսական մասի ղեկավարը, ապա ընդգծեց, որ ուսուցչի բեռնվածությունը պետք է նվազի, քանի որ 22 դասաժամը բավականին ժամանակատար է, մինչդեռ նախկինում ուսուցչի մեկ դրույքը 18 դասաժամ էր։ Ըստ նրա, ճիշտ կլիներ, որ այս ծրագիրը պիլոտային ձեւաչափով ներդրվեր որեւէ մարզում, տեսնեինք դրա դրական եւ բացասական կողմերը, որից հետո նոր ներդրվեր ողջ կրթական համակարգում։

«Տնօրենները չպետք է լինեն կուսակցական մարդիկ, այլապես մեր դառը փորձը ցույց է տալիս, որ մեր դպրոցները կրթական օջախից վերածվում են փոքրիկ քաղաքական խմբակների, եւ դա ոչ ոք չի կարող հերքել»,- ամբիոնից հայտարարեց մանկավարժ Ֆելիքս Պողոսյանը։ 

«Հայաստանը բաղկացած է նաեւ փոքր, գյուղական դպրոցներից,- իր խոսքում ընդգծեց Արփինե Նիկողոսյանը,- եւ մենք այստեղ խնդիր ունենք գույքի, լաբորատորիաների, մասնագետների»։ Նա նույնպես անդրադարձավ դպրոցի կառավարման մոդելին․ «Իմ փորձն ասում է, որ մենք կոնֆլիկտ ենք ունենալու դպրոցի 2 ղեկավարների միջեւ, նախ՝ անհավասար պայմաններ են, տնօրեններից մեկից մենք պահանջում ենք հավաստագիր, 7 տարվա փորձ եւ իր հետ կնքում ենք 5 տարվա պայմանագիր, իսկ մյուսից ոչինչ չենք ուզում, տալիս ենք մեծ հնարավորությունների սպեկտր, կազմում ենք անորոշ ժամկետով պայմանագիր եւ ասում ենք․ ուզում ես՝ դպրոցում նստի, ուզում ես՝ ոչ։ Հենց սկսեն ստուգումներ, կսկսվի նաեւ կոնֆլիկտը։ 2 ղեկավարների առջեւ դրված պարտականությունները հավասար բաշխված չեն, մենք քանի՞ հրամանագրքով ենք աշխատելու, նրանցից ո՞ր մեկը պետք է գրի այդ հրամանները»։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ներկայացնող Մարգարիտ Սարգսյանն էլ կարեւորեց հեղինակային մանկավարժության դերն անհատի եւ հանրակրթության կյանքում։ Նա նկատեց՝ տրամաբանական է, որ պետք է փոխվի օրենքը, քանի որ փոխվում են նաեւ երեխաները, ուսուցիչները. «Մենք կարծում ենք, որ հանրապետությունում հանրակրթական զարգացման իրական ճանապարհը հենց հեղինակային այլընտրանքային կրթական հաստատություններում ձեւավորվող նախագծերն են, բոլոր այն նյութերը, որոնք կարող են որոշ չափով իրենց փորձով ներդրվել հանրակրթությունում, օրինակ՝ ուսուցիչների ընդունելության գործընթացը մենք Սեբաստացի կրթահամալիրում այլ ձեւով ենք կազմակերպում, հատուկ մշակված համակարգ ունենք, որը տարիներ շարունակ գործարկվել-փորձարկվել է, եւ գուցե թե անհրաժեշտ է այդ փորձը տարածել ու կիսել»։

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագիծը նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է Ազգային ժողովի կողմից, իսկ օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչեւ փետրվարի 1-ը:

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն