Կառավարության նիստում ընդունվել է որոշում՝ բուհերում ընդունելության գործընթացի բնականոն իրականացման, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող դիմորդների համար խելամիտ հարմարեցումների ապահովման համար: Ըստ հիմնավորման ՝ 2026-2027, 2027-2028, 2028-2029 ուսումնական տարիների ընդունելության համար ևս, ինչպես նախորդող ուսումնական տարիներին, ամրագրվել են Արարատյան բակալավրիատի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի Արարատյան բակալավրիատին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով նախատեսված ընդունելության նոր համակարգի գործարկումը, որն օրենքի եզրափակիչ դրույթների համաձայն՝ կիրառվելու է 2029-2030 ուսումնական տարվանից:


ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգում անհրաժեշտություն է առաջացել նաև դրույթներ սահմանելու կրթության առանձնահատուկ կարիք ունեցող անձանց համար ընդունելության քննությունների գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու ուղղությամբ: Առաջարկվում է կարգը լրացնել նոր կետով, ըստ որի ընդունելության համապատասխան փուլերի հայտագրման ժամկետների ավարտից հետո 10-օրվա ընթացքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դիմորդները կամ նրանց օրինական ներկայացուցիչները դիմում են ԳԹԿ՝ ապահովելու համար ընդունելության քննությունների ընթացքում խելամիտ հարմարեցումներ (այդ թվում՝ բանավոր և գրավոր հաղորդակցման այլընտրանքային միջոցներ, անհատական տեխնիկական միջոցներ, ժեստերի թարգմանիչներ և այլն)՝ ներկայացնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը հավաստող համապատասխան փաստաթղթեր (բժշկական տեղեկանքներ):

Միջազգային բակալավրիատի Դիպլոմա ծրագիրը (ՄԲԴԾ) միջազգայնորեն ճանաչված, երկամյա կրթական ծրագիր է, որը նախատեսված է 16-19 տարեկան սովորողների համար: Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների ակադեմիական գերազանցությունը, քննադատական մտածողությունը, միջմշակութային ընկալումը և սոցիալական պատասխանատվությունը՝ համապատասխան միջազգային կրթական չափանիշներին:

Կառավարությունն ընդունել է Ուսուցման ազգային հիմնադրամը վերանվանելու վերաբերյալ որոշում։ Ըստ այդմ՝ առաջարկվում է այն վերանվանել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» (ՄԿՈՒԶԱԿ) անվամբ։ Որոշմամբ առաջարկվում է հաստատել հիմնադրամի կանոնադրության նոր խմբագրությունը։ ՄԿՈՒԶԱԿ-ին, մասնավորապես, վերապահում է հետևյալ առաքելությունը՝ աջակցել ՀՀ-ում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության և ուսուցման ոլորտում արդյունավետ քաղաքականության մշակմանը ու կիրառմանը, նորարարությունների ներդրմանը և շարունակական զարգացմանը, աշխատաշուկայի ներկայի և ապագայի կարիքներին միտված որակավորումների ոլորտային շրջանակի ներդրմանը, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկմանն ու արդյունքների ճանաչման պետական երաշխիքի ապահովմանը, մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) ոլորտում պետություն–մասնավոր հատված համագործակցության արդյունավետ կառուցակարգերի ներդրմանը, մասնագիտական կողմնորոշման և կարիերայի զարգացման համակարգի ձևավորմանն ու արդյունավետ գործունեությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ