Ուզում եմ հիշեցնել, որ Սիրիա զորք մտցնելուց ընդամենը մոտ մեկ տարի առաջ, Էրդողանը Ասադին հռչակել էր իր եղբայր, Սիրիային էլ անվանում էր եղբայրական երկիր:

Ընթերցողներից ոմանք արդեն հասկացան, թե ինչու եմ անում այս հիշողության թարմացումը: Մնացածին էլ ասեմ, որ կանխատեսելի է, որ Ադրբեջանի ղեկավարությունը, իր կամակատարի բռնած գործը հեշտացնելու համար, որը հենց իրենց պատվերն է (չեմ օգտագործում պարտադրանք բառը, որովհետև դա պարտադրանք է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, իսկ կամակատարի պարագայում պատվեր է, նույնիսկ կարող ենք ասել հրահանգ) ինքն էլ է որոշ չափով կեղծ խաղաղության քարոզ անելու: 

Հիմա դեռ սպասում են, տեսնեն ինչ զարգացումներ են լինելու, ոչ միայն Հայաստանի ներսում ի դեպ, և բավարարվում են թեթևի մեջ ողջունելով, որ իրենց պատվիրած սահմանադրության մեջ չկա այս, կամ այն կետը: Երբ տեսնեն, որ բանը իրոք հասնում է հանրաքվեի անցկացմանը, աստիճանաբար ավելի ջիգյարով կդառնան, նույնիսկ պետք լինի Ալիևը իր բյուլբյուլօղլիներից մեկին կհանձնարարի ,,նոլդու Փաշինյան,, երգի փոխարեն ,,քարդաշ Փաշինյան,, երգ գրել: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ երգի տակ սրտիկ ցույց տվողների պակաս չի լինի: Հայ-ադրբեջանական ,,եղբայրության,, մի քանի կենցաղային դրվագներ կբեմադրեն և այլն:

Մեր հասարակության չկողմնորոշված հատվածի վրա նման բաները ազդեցություն են ունենալու: Ցավոք ոչ այն ազդեցությունը, որը այս ամենի հետ վաղուց չհամակերպվող մարդկանց դեպքում է լինում:

Կա նաև հակառակ տարբերակը, եթե տեսնեն, որ խնդիրներ են առաջանում և լուրջ դիմադրություն կա, բայց դրա մասին չեմ ուզում խոսել:

Հիմա վերադառնանք գրառման սկիզբ, հիշողության թարմացումը նորից անենք և պատկերացնենք, որ բանը հասել է նրան, որ Ալիևը Փաշինյանին հռչակում է իր եղբայր, Հայաստանին էլ եղբայրական երկիր: Ամենայն հավանականությամբ նա այդտեղ չի հասնի, բայց դիտմամբ եմ չափազանցված օրինակ բերում: Մեզանից քանի՞սն են հասկանում, որ նույնիսկ դա ոչինչ չի նշանակում, որ խաղաղության իրական երաշխիքները լրիվ այլ գործոններով են պայմանավորված լինում:

ՀԳ. հասկացողներ կան, հասկացնողներ նույնպես: Մենք ունենք ադրբեջանագետներ, վերլուծաբաններ, քաղաքագետներ, այլ բնագավառի խելացի մարդիկ, ովքեր բացատրում են, ցույց են տալիս Ադրբեջանի իրական նպատակները: Ես NewsLewder լրատվականում անպայման հրապարակում եմ իրենց: Այդ մարդկանց խոսքը անպայման պետք է որքան հնարավոր է շատ մարդու հասնի: Դա բավարար չէ այս դավադիր նախագիծը խոչընդոտելու, չեղարկելու համար, բայց պարտադիր անելիքների շարքին է պատկանում:

Ինքս էլ կշարունակեմ իմ չափով հիշողության թարմացումներ անել, իմ շրջապատի և լսարանի համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ