1998-ի հունվարի 26-ին ընդդիմությունը կանխատեսում է, որ փետրվարին Հայաստանի իշխանության փոփոխություն է լինելու։ Սակայն ընդդիմադիր գործիչները հույս ունեն, որ Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո հասարակական կազմակերպություններից եւ կուսակցություններից մի խումբ կձեւավորվի, որն էլ 40 օրով իշխանությունը կվերցնի իր ձեռքը, մինչեւ կընտրվի նոր նախագահ։

Ազգային Ժողովի 1/3-րդը՝ 70 պատգամավոր, դիմել է Սահմանադրական դատարան այն հարցով, որ հեռահաղորդակցության օրենքի հոդվածներից մեկը հակասում է Սահմանադրությանը։ Ըստ այդ հոդվածի, հեռահաղորդակցության ցանցի մենաշնորհը «Արմենթելինն» է, մինչդեռ Սահմանադրության 8-րդ հոդվածով պետությունը պետք է երաշխավորի տնտեսական գործունեության ազատություն։

Դատարանն 1999-ի հունվարի 26-ին ընդունում է հայցը։ 2000-ի այս օրը Վանո Սիրադեղյանը անդրադառնում է ամբաստանյալ Վահան Հարությունյանի նախորդ օրվա այն մեղադրանքին, որ նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանը սպանվեց, երբ հայտարարեց, որ Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու համար մտնելու է խորհրդարան ։ Պարոն Սիրադեղյանի ձեռքին է «Հայաստանի Հանրապետություն» թերթի այն համարը, որտեղ նշված է, որ Խաչատրյանի մոտ վերջինը մտել է գործող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու այլեւս դուրս չի եկել։ Հայ-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու գաղափարը Վազգեն Սարգսյանն անձամբ է ներկայացրել Միացյալ Նահանգների փոխնախագահ Ալբերտ Գորին ։

2000-ի այս օրը վարչապետ Արամ Սարգսյանի մասնակցությամբ ստորագրվում է հայ-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու մասին հուշագիրը։ 2001-ի հունվարի 26-ին Աշոտ Մանուչարյանը բողոքում է Ռուսաստանից Հայաստան եկած եւ իշխանափոխություն նախաձեռնած Արկադի Վարդանյանի ձերբակալության դեմ։ Կոմունիստ Խորեն Սարգսյանի կարծիքով Վարդանյանի ձերբակալությունը մյուս ուժերի համար ծառայում է որպես զսպաշապիկ։ Վարդանյանի փաստաբանն, ի դեպ, ոչ հաստատում է, ոչ էլ հերքում, որ ԱԱԾ մեկուսարանում օրերս Սերժ Սարգսյանը հանդիպել է ամբաստանյալին։

2001-ի այս օրվանից Աբովյանի տուբերկուլյոզային դիսպանսերը կունենա խմելու ջուր, որից զրկված էր յոթ տարի ։ Ամերիկյան «Քրիստոսի վերջին օրերի սրբերի» կրոնական կազմակերպությանն է պարտական այդ հիվանդանոցը ջրագծի համար։ Հերթը ճապոնական խոշոր դրամաշնորհինն է, որը տեխնիկապես պիտի որ հագեցնի դիսպանսերը։

Մեկ տարի հետ այս օրն արդեն խնդիր է նույն դիսպանսերի կոյուղաջրերի հարցը։ Ախտահանող կայանը 16 տարի չի աշխատում։ Դրանք կարող են խառնվել խմելու ջրին։ 100 հազար դոլար է պետք։ Ի դեպ, այնպես չէ, որ տուբերկուլոզով հիվանդներն էլ վազում են բուժվելու ։

Քրիստոնեության 1700-ամյակը կարող է իսկական փորձանք դառնալ Ամիրյան փողոցի այս բարձրահարկի բնակիչների համար։ Շենքի տանիքին Խոսրով Հարությունյանի հրահանգով ծանր մետաղյա կոնստրուկցիաներով գովազդային երկու վահանակ է կանգնեցվելու։ Ավելին, այդ վահանակների լուսավորության ծախսը պիտի որ հանձվի բնակիչներից։

2002-ի այս օրերին հայ մայրերը նամակներ են ստանում սահմանամերձ զորամասերում ծառայող իրենց որդիներից։ Յուրաքանչյուր ծնող նամակն ստանում է իր ձեռքով, առանձնանում ու կարդում, ծնողներն իրենք են ստեղծել սեփական կապի ծառայությունը։

2012-ի հունվարի 26-ին կառավարության որոշմամբ Հայաստանում այլեւս ժամերը հետ ու առաջ չեն տրվի։ Հայաստանը կմնա ձմեռային ժամային գոտում։ Այսպիսով, Հայաստանը Վրաստանի եւ Ռուսաստանի Արեւմուտքի հետ կհայտնվի միեւնույն ժամային գոտում։

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն