ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի ֆեյսբուքյան ասուլիսն իրականում որևէ աղերս չուներ ասուլիսի հետ։

«Ինձ համար անընկալելի է, թե ինչու ՀՀ արտաքին գործերի նախարարության պրոֆեսիոնալ, վաստակաշատ դիվանագետները կամ Ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ սպաները չեն սաստում վարչապետի աթոռը զբաղեցնող անձին։ Արդեն որերորդ անգամ Հանրայինի եթերով՝ մեր բոլորի հարկերից սնվող Հանրայինի, տանում է ադրբեջանական դիվանագիտական թեզերի բացահայտ քարոզ։ Ես խնդրում եմ, բոլորս մի վայրկյան պատկերացնենք, թե հնարավո՞ր էր այդպիսի բան, որ Հանրայինի եթերում ընտրողաբար ներկայացնեն Արցախի հիմնախնդրի կարգավորման սկզբունքները, ընդ որում՝ ներկայացնեն միայն մեկը՝ տարածքային ամբողջականությունը, որն Ադրբեջանի կապույտ երազանքն է»,- ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ պատգամավորի, ի պատասխան Ադրբեջանից եկող հոխորտանքներին ու սպառնալիքներին, Նիկոլ Փաշինյանը դրանք արդարացնում է։

Հիշեցնելով, որ Ալիևը վերջերս խոսելով ՀՀ զինված ուժերի վերազինման, արդիականացման, բանակաշինության մասին, ասել էր, որ հետևում են, թե ինչպես են Հայաստանում իրականացնում բանակաշինություն, և եթե այդ ամենն իրենց անհանգստացնի, ապա պատրաստ են իրականացնել խոցում խորը թիկունքում։

Նա նաև ընդգծեց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանից եկող սպառնալիքները հայելային արտապատկերումն են այն ամենի, ինչ ասել են Հայաստանում տարիներ շարունակ։

«Ասել եմ ու ասելու եմ՝ ՀՀ ոչ մի ղեկավար երբեք նման ռազմատենչ ռիտորիկայով հանդես չի եկել։ Երկրորդ՝ ի պատասխան մեր բանակաշինության Ալիևի լկտի հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե մեր բանակի առջև նվաճելու խնդիր չեն դրել։ Հայաստանը երբևէ ունեցել է ղեկավար, որը հող նվաճելու խնդի՞ր է դրել Զինված ուժերի առջև, ախր նման նվեր թշնամուն դժվար է պատկերացնել։ Ինձ թվում է, ամեն տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտան Ալիևի գլխավորությամբ Ձմեռ պապիկին նամակ է գրում ու խնդրում, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մնա իշխանության։ Ինչպե՞ս կարող է իրեն երկրի ղեկավար համարող մարդը նման նվեր մատուցի թշնամի պետությանը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն