Հայաստանին կտրամադրվի 1 միլիոն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացման համար (տեսանյութ)
Կառավարությունն այսօր հերթական նիստին հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը hավանություն տալու մասին նախագիծը:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նախագծով նախատեսվում է Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 1 միլիոն 719 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ:
Նախարարն ասաց, թե ծրագրի նպատակն է հասարակական շենքերում էներգախնայողության մակարդակի բարձրացումը:
Նա ասաց, որ ծրագիրն ամբողջությամբ միտված է 5-6 ուղղությամբ աշխատանքներ իրականացվելուն։ «Ծրագրով նախատեսվում է պետական ու համայնքային պատկանելիության մոտ 20 շենքում էներգախնայողության մակարդակի աճի մոտ 50 տոկոսով ծրագրեր իրականացնել, որոնք կբերի 50 տոկոսով խնայողության և առնվազն տարեկան 3000 մեգավատտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողության ու տարեկան 700 տոննա ածխաթթու գազի արտանետման ցուցանիշների նվազեցման»,–ասաց Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ ծրագիրը արդեն մեկ փուլով իրականացվել է։ «Այն հիմնարկներում, որտեղ ծրագիրը կիրականացվի հնարավորություն է տրվում մոտ ութ տարում եղած գումարները մարել՝ խնայողությունների հաշվին։ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է, և եթե չկարողանան երկու տարում ծրագիրն ավարտել, ժամկետը ավելացնելու հնարավորություն կա, թեև կարծում եմ, որ կկարողանանք»,–ասաց նախարարը։
Tert.am