«Այո, եղել եմ և փոխել եմ։ Եվ ոչ թե «ինչ-որ բան», այլ շատ բան։ Որոշ բաների մասին գուցե և խոսեմ, բայց ոչ հիմա». «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է իշխանության ուղղահայաց համակարգում ազդեցիկ լինելուց, արված մի շարք փոփոխություններից և ԱԱԾ-ից հեռանալու մասին։

Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնում արել է ամեն հնարավորը իրավական պետության կայացման՝ անվտանգության, իրավակարգի ամրապնդման և ավելի լավ ու ավելի արդար կյանքի մասին քաղաքացիների իղձերի իրականացման համար:

«Հիշում եք՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Բնակչության մեծամասնությունը սրընթաց փոփոխություններ էր ցանկանում, և այդ ալիքը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց։ Ի դեպ, ես նրա քաղաքական թիմից դուրս ամենաբարձր վարկանիշն ունեի, և դա նրան խիստ նյարդայնացնում էր։ ԱԱԾ-ում ես պարզապես իմ աշխատանքն էի անում և գոհ էի, որ պատիվ ունեմ ծառայելու պետությանը»։
Վանեցյանը հավելել է, որ իր ղեկավարման մեկուկես տարիների ընթացքում ԱԱԾ-ն գերազանց արդյունքներ է արձանագրել, որոնց մասին շատ բան է ասված։ Նաև բարդ պահեր են եղել, բայց դրանց մասին առայժմ չի կարող խոսել։
«Թեև շատերն են հիշում, թե ինչպես պետական կառավարումից ոչինչ չհասկացող Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից պահանջում էր «դևերին գտնել», «ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը» և «ֆեյքերի որս սկսել»։ Դա զվարճալի էր։ Բայց այն ժամանակ ինձ թվում էր, որ դրանք իմ ծառայության կողմնակի ազդեցություններն են, որ հանուն հայրենիքին ծառայելու կարելի է և նման բաներ հանդուրժել»։

Վանեցյանը 2019-ի ամռանը վերջնական եզրակացության եկավ, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։

«Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի»։

Արթուր Վանեցյանը շեշտել է, որ թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․-ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին։

«Ես կարծում եմ, որ հեղափոխության իդեալները վերջնականապես անհետացան 2019 թ․-ի ամռանը, իսկ հետագայում մենք բոլորս տեսանք, որ Նիկոլի հայտարարած սկզբունքներն ու արժեքները ֆեյք էին և օգտագործվում էին միայն ուղեղները լվանալու համար։ 2019թ․-ի օգոստոսին ես արդեն հասկացա, որ համակարգը ներսից փոխելն իրատեսական չէ: Պետք է հեռանալ և փորձել դրսից աշխատել։ Ցավոք, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ կառավարությունում կամ խորհրդարանում նրա թիմը իմ «կանգ առնելու» կոչը չլսեցին ու չհասկացան։ Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր»։

Երեք տարիների ընթացքում ձեռք բերվեց ձախողումներ պետության կենսագործունեության բոլոր ճակատներում, ավելի քան հինգ հազար զոհված հերոսներ, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ, տնից ու ապագայից զրկված տասնյակհազարավոր մարդիկ, տնտեսական կոլապս և այլն. Վանեցյանը շեշտել է, որ այս ամենի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ համակարգված և անընդհատ ատելության բորբոքումն է, «բոլորին բոլորի դեմ» տրամադրելը, այլ կերպ ասած ՝ քաղաքական ռասիզմը։

«Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճան է, թե՞ նա սովորական արկածախնդիր ապաշնորհ է։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ միաժամանակ։ Քրեական բաղադրիչի մասով, վստահ եմ, դրանով անպայման կզբաղվեն իրավապահպան մարմինները։ Բայց ամենակարևորը՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի մենք պետք է հունիսի 20-ին քաղաքական գնահատական տանք «նիկոլիզմին» և մեկընդմիշտ հեռացնենք նրան մեր կյանքից»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն