«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում մեկնարկել է Հայաստանի Ազգային օրը
Այսօր «Expo 2020 Dubai» համաշխարհային ցուցահանդեսում ՀՀ պետական օրհներգի ներքո հայկական եռագույնի բարձրացման արարողությամբ առավոտյան մեկնարկեց Հայաստանի Ազգային օրը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Ազգային օրվա պաշտոնական բացման իմ ելույթում կարևորել եմ աշխարհում գիտության, մշակույթի եւ տեխնոլոգիաների զարգացման գործում հայ գիտնականների եւ նորարարների անգնահատելի ներդրումը՝ ներկայացնելով նորարարություններ, որոնք բեկումնային են եղել մարդկության առաջընթացի համար։
Ընդգծել եմ Հայաստանի գործարար եւ ներդրումային միջավայրի գրավչությունները, առանձնացրել հատկապես տնտեսության այն ոլորտները, որոնք կարող են առավել գրավիչ լինել օտարերկրյա ներդրողների համար։
Հայաստանի մասնակցությունը նման մեծամասշտաբ ցուցահանդեսներին կարեւոր է երկրի ճանաչելիության բարձրացման, նոր համագործակցությունների հաստատման եւ դիվանագիտական հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից» ,-գրել է Քերոբյանը:
Armeniatoday.news