Ալիեւը «որսացել» է Նժդեհի թեման, որ հերթական անգամ «ծագեց» Ռուսաստանի հայերի միության կազմակերպած ցուցադրության առիթով: Ծագման գործում մեծ դեր ունեցավ եւ շարունակում է ունենալ Ռեգնումը, որը Նժդեհին բնորոշում է որպես «հիտլերական»:

Այժմ ահա թեման որսում է անձամբ Ալիեւը եւ հայտարարում, որ ինքն է խնդիրը բարձրացրել քաղաքական մակարդակ՝ ԱՊՀ Վեհաժողովներից մեկում: Իրականում Ալիեւը իհարկե ստում է, որովհետեւ դեռեւս երեւանյան արձանի կանգնեցման փուլում հարցը փաստացի քաղաքական մակարդակ է եկել Զախարովայի հայտնի արձագանքով: Դրանից հետո հարցը պարբերաբար թեժանում է, իսկ Ալիեւն էլ բաց չի թողնում պահը «գիծ մտնելու» համար: Ալիեւը «գիծ է մտնում», իսկ ռուսական որոշ լրատվամիջոցներ էլ բացահայտորեն «փայ են մտնում» Ալիեւին:

Այս ֆոնին իհարկե հետաքրքիր է այդ լրատվամիջոցների հետ հայկական որոշ շրջանակների գործակցությունը, այդ թվում պաշտոնապես նժդեհական գաղափարախոսության կրող շրջանակների հետ սերտ գործակցող տարբեր գործիչների: Ընդ որում, այդ գործակցությունը ոչ թե ի պաշտպանություն Նժդեհի է, այլ ի փնովում Հայաստանի: Եվ սա հարց է առաջացնում, թե ինչպիսի ռեգիոնալ ի՞նչ ուժերի քաղաքական «հաբ» են այդ ռուսական լրատվամիջոցները:

Վերադառնալով կոնկրետ նժդեհյան թեմայի բռնկմանը, թերեւս պետք է դիտարկենք նաեւ Ռուսաստանի հայերի միության դերը, կամա, թե ակամա դերը: Ի վերջո, այդ կազմակերպության ղեկավարները թերեւս շատ լավ տեղյակ են, թե ինչպես Ռուսաստանի իշխանական, մերձիշխանական, պրոպագանդիստական որոշակի շրջանակներ բաց չեն թողնում նժդեհյան թեման Հայաստանի դեմ օգտագործելու առիթը: 

Ըստ այդմ հարց է առաջանում, ինչու՞ տալ այդպիսի առիթ, ինչու՞ տալ այդ սկանդալի առիթը, եթե նախապես չեն ձեռնարկվում քայլեր աղմուկից ապահովագրվելու եւ «շահագրգիռներին» «գիծ ու փայ մտնելու» հնարավորություն չտալու համար: Թե՞ «փայատերերի» շրջանակը շատ ավելի լայն է, քան կարող ենք պատկերացնել:

Համենայն դեպս պարզ հարց է առաջանում՝ ո՞վ ինչ խնդիր լուծեց, ինչ շահեց կամ կորցրեց, կամ ո՞վ ինչ է շահում կամ կորցնում կատարվածից:

Հակոբ Բադալյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն