Իմ մտքով չէր կարող անցնել, որ կարող եմ դառնալ նախագահի պաշտոնի մասին մտածող մարդ․ 2017-ից հետո իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ինձ համարում եմ անկուսակցական․ Վահագն Խաչատուրյան
Քանի որ այս պահին դեռևս չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում են ՀՀ նախագահի լիազորությունները, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Մարդը դեռ հնարավորություն ունի, կարող է իր դիմումը հետ վերցնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին՝ ՀՀ նախագաhի թեկնածության առաջարկ ստացե՞լ է։
«Հաշվի առնելով բոլոր չափանիշները, որ նախագահը պետք է լինի 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով, որ նաև որպես այսօրվա Կառավարության անդամ, քաղաքական թիմի անդամ, ես կարող եմ առաջադրվել»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ է պաշտոնական աղբյուրներում իր կենսագրությունը խմբագրված և որևէ հիշատակում չկա իր՝ ՀԱԿ անդամակցության մասին, Խաչատուրյանն արձագանքեց, թե մեղավորությունն իրենն է։
«Ես 2017-ի ընտրություններից հետո իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ես ինձ համարում եմ անկուսակցական, մի խնդիր կա, որը կճշտեմ։ Ինքս իմ մեջ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով դիմում լինել-չլինելու հանգամանք կա, որ հիմա ճշտվում է։ Ես իմ կենսագրության մասին տարբեր տեղերում տարբեր բաներ եմ գրել, առաջին նախագահի խորհրդական լինելու մասին կա կենսագրությունում»,-ասաց նա։
Հարցին՝ իր կարծիքով՝ նախարարի՞ պաշտոնում ավելի շատ օգուտ կտա պետությանը, թե՞ նախագահի, Խաչատուրյանն արձագանքեց, որ ԲՏԱ նախարարի պաշտոնում շուրջ 6 ամիս է աշխատում և իրեն լավ է զգում, քանի որ հեռանկարներ է տեսնում։
«Շատ ծրագրեր կան, որոնք կարվեն։ Ընթացքը ցույց կտա, եթե ինչ-որ բան փոխվի, կափսոսեմ, բայց, բոլոր դեպքերում, կյանքը այդպիսին է, իմ կյանքում այդպիսի իրադարձություններ եղել են՝ միշտ ինչ-որ բան սկսվել է նորից»,-ասաց նա։
Հարցին՝ նախագահի պաշտոնի առաջարկն իր համար անակնկալ չէ՞ր, նախարարն արձագանքեց, թե անակնկալ էր այն, ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ՝ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ «Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել, դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ, ես իմ գործն էի անում, ամբողջ ժամանակս դրան էր նվիրված»,-ասաց Խաչատուրյանը։
Վերջինս անդրադարձավ նաև իր ազգանվանն առնչվող հարցին, թե, ի վերջո, Խաչատուրյա՞ն է, թե՞ Խաչատրյան՝ նշելով, թե իր ընտանիքի անդամները Խաչատրյան են, բայց ՔԿԱԳ-ում սխալմամբ իր ազգանունը Խաչատուրյան է նշվել, ինչի մասին տեղեկացել է անձնագիր ստանալիս։
Tert.am