Պարեկները հունվարի 24-ից 31-ը Երևանում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1313 խախտում
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները, և հունվարի 24-ից 31-ը իրականացված ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1313 խախտում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Ըստ աղբյուրի՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 304 տրանսպորտային միջոց։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 186, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 309 անձ։ 95 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 5-ը՝ առանց համարանիշերի, 51-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 39-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 186-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 3 հետախուզվողի, ինչպես և ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 50 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նշվում է, որ հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։
Armenpress.am