Հայկական կողմի դիրքերն այնքան ամուր էին, որ վերջինս ի վիճակի էր օրակարգ ձևավորել, և միջազգային հանրության կողմից որպես կառուցողական կողմ էր ընկալվում, ապակառուցողականն ու պարտադրվողի դիրքում Ադրբեջանն էր։ Տարիներ շարունակ Իլհամ Ալիևն էր «ծուռ վզով» պարտադրանքներ կատարում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցային գործընթացին։

«Այժմ Ալիևը ագրեսիվ վարվելակերպ է դրսևորում ՀՀ-ի նկատմամբ, պնդում է, որ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին է հաղթահարել, քանի որ նա տարիներ շարունակ ծնկի եկած է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի առաջ։ Ամբողջ բանակցային գործընթացը միտված էր խաղաղ ճանապարհով հարցի լուծմանը, տարածաշրջանում խաղաղության երաշխիքներին և դրանց իրագործմանը, Արցախի կարգավիճակի հստակեցմանն ու իրավաբանորեն ամրապնդմանը։ Տարիների ընթացքում սա է եղել բանակցային գործընթացը, որը, եթե անգամ ինչ-որ չափով չէր իրականանում, այնուամենայնիվ, չի եղել պատերազմ, մենք ամուր պետություն ենք ունեցել, բանակ են ունեցել, որը տարածաշրջանում ամենամարտունակն էր, ունեցել ենք Արցախ, որն ուներ հնարավորություն՝ մտածելու տնտեսական հարցերի շուրջ, հիմա խոսքը միայն գոյատևաման մասին է»,-հայտարարեց նա։

Ադիբեկյանն ընդգծեց, որ հիմա այդ ամենից զրկված ենք, և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է սեփական ձախողումները բարդել նախկինների «վզին»։ «Նա իրեն բնորոշ մանիպուլյատիվ մեթոդներով փորձում է ցույց տալ, թե ինչ սարսափելի ժառանգություն է թողել նրան Սերժ Սարգսյանը։ Ես չգիտեմ՝ ըստ Փաշինյանի՝ այս վիճակն ինչո՞վ է ավելի լավը, քան այն, որը ժառանգեց Սերժ Սարգսյանից»,-ասաց Ադիբեկյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Փաշինյանի բանավոր խոսքն ու կատարած գործն էականորեն տարբերվում են իրարից, բացի այդ՝ նրա բոլոր ելույթներն իրար հակասում են։

«Ես դեմ եմ, որ նա բանակցային գործընթացի մեջ մտնի։ Միակ լավ բանը, որ նա կարող է ՀՀ-ի և հայ ժողովրդի համար անել, հրաժարականն է։ Հայաստանն իրեն դուրս է բերել արցախյան գործընթացից, ասել է՝ «սա դուք, սա՝ ձեր Ղարաբաղը, ինչ ուզում եք, արեք, թուղթ բերեք, ես կստորագրեմ»․ սա է Փաշինյանի մոտեցումը։ Այսինքն՝ ինչ էլ կատարվի, ՀՀ-ն դերակատարություն չունի, քանի դեռ իրենք են իշխանության»,-ասաց նա։

Ադիբեկյանն անդրադարձավ նաև պետականությանն առնչվող խնդիրներին՝ նշելով․

«Թուրքերն Ապարանում 3-4 հազար դոլարանոց տներն առնում են 15-20 հազար դոլարով, իսկ հայերը մեծ հաճույքով, վստահ լինելով, որ իրենց խաբել են, վաճառում են, գնում են ՌԴ՝ «գաջ քաշելու»։ Պետականության գոյության խնդիրներ կան, չունենք ԱԱԾ, որը կզբաղվի մեր պետական անվտանգությամբ, որ երբ թուրքը գալիս է, խրճիթ է առնում, քաղաքացիություն է ստանում, չեն մտածում՝ 50 տարի հետո ինչ է լինելու այս պետության հետ»,-հայտարարեց Ադիբեկյանը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն