Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմը էկրաններ կբարձրանա փետրվարի 10-ին
Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին նվիրված ֆիլմ է նկարահանվել «Արյան Կանչը»-ը խորագրով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Արմեն Դալլաքյանը փետրվարի 2-ին կայացած ասուլիսում նշեց, որ ֆիլմը նկարահանվել է իրական փաստերի հիման վրա։
Վերջինս պատմեց, որ ֆիլմը ստեղծելու գաղափարը դեռևս Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում է ծնվել։ Գրվել է ներկայացում, ապա այն վերածել է գեղարվեստական ֆիլմի։
«Երբ հանդիպեցի զոհվածների մայրերին, երբ պատմեցին իրենց հերոսների սխրագործությունները, հերոսի հեռախոսի մեջ իրական, կյանքով լի կադրերը տեսա, որոշեցի նկարահանել ֆիլմը»,- նշեց ռեժիսորը։
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները՝ Ալինա Ավետիսյանը, Իվետա Եդիգարյանը, Աշոտ Վարդանյանը եւ Արթուր Վաթյանը, ներկայացրին, թե ինչ է սպասվում փետրվարի 10-ին կայանալիք պրեմիերային, անդրադարձան իրական փաստերին, որոնց հիման վրա նկարահանվել է ֆիլմը, խոսեցին հերոսների կերպարների և ֆիլմի գաղափարի ու դրանում արծարծված շեշտադրումների մասին:
Ռեժիսորը վստահեցրեց, որ Ֆիլմի ավարտից հետո ցուցադրվելու են իրական կադրեր, որոնք նրան են տրամադրել հերոսների ծնողները։ Նա ընդգծեց, որ հանդիսատեսը տեսնում է դերասանական խաղը փաստերով։ Հետո տեսնում՝ իրական դեպքերն ու հոլովակները, անգամ այն ինչ խոսել են տղաները մարտի դաշտում։
«Ֆիլմի ասելիքը կայանում է նրանում, որ հայ զինվորը ծնկի չի գալիս, իսկ եթե ծնկի է գալիս, ապա միայն սուրբ խորանում՝ Աստծո առջև։ Ֆիլմով ցույց եմ տվել մեր զինվորների այն սխրանքները, որոնք ոչ մեկ չի տեսել։ Կտեսնենք, թե որտեղ է քնել զինվորը»,- նշեց ռեժիսորը։
Նա պատմեց, որ ֆիլմի նկարահանումները, որոնք տևել են հինգ ամիս, իրականացվել են Երևանում և Արմավիրի մարզում։ Փետրվարի 10-ին այն կցուցադրվի Երևանի բոլոր կինոթատրոններում, մարտի 1-ից նաև մարզերում: Այնուհետև այն կցուցադրվի Վրաստանում և Ռուսաստանում։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի ֆիլմը Իսպանիայում ևս ցուցադրվի։
Tert.am