Խնդիրն այն է, որ մենք ընդհանուր ուղենիշ ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն․ Նիկոլ Փաշինյանը՝ նախագահի թեկնածուի մասին (տեսանյութ)
Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու ԱԺ 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն է հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլ նաև կընտրվի Հնարապետության նախագահի պաշտոնում։
Վահագն Խաչատրյանը նախ շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու։ Քաղաքական կուսակցության ներսում հաստատ ավելի արժանի մարդիկ կան, բայց քաղաքական կուսակցության այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի, իմ անձնապես գնահատականն եմ ասում։ Համոզված եղեք, որ այն ինչ-որ նախագծվել է իմ թեկնածության հետ կապված՝ հետագայում համատեղ աշխատանքի համար, կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որոնց մասին մենք ամեն օր կառավարությունում խոսում ենք»,-ասաց նա և նշեց, որ մինչև նախագահի ընտրությունը պատրաստվում է նախարարի պաշտոնում ավելի մեծ եռանդով և պատասխանատվությամբ աշխատել:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սահմանադրության բերումով Հանրապետության նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և առաջնորդվում է ազգային, համազգային, պետական շահերով։ Նա համոզմունք հայտնեց, որ կառավարությունը, խորհրդարանը նույնպես այդ շահերով է առաջնորդվում: Ըստ նրա՝ պետք է գործի իշխանությունների տարաբաժանման սկզբունքը։
«Շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ։ Ես պետք է ընդգծեմ, որ կառավարության և խորհրդանական մեծամասնության միջև էլ կա մշտական բանավեճ, ավելին՝ կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ, այստեղ խնդիրն այն է, որ մենք ընդհանուր ուղենիշ, ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինին, որովհետև դա աշխատանքի մեխանիզմ է խաթարում»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ՔՊ մյուս անդամները չեն ստորագրել տեխնիկական, իրավական պատճառներով, և թեկնածուի հարցում ՔՊ-ում կա ներդաշնակություն, ինչը վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում կկայանա Հանրապետության նախագահի ընտրություն:
Tert.am