Հայաստանում 2021 թվականի դեկտեմբերին արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը կրկին բացարձակ ռեկորդ է Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբեք Հայաստանում այսքան գրանցված աշխատատեղ չի եղել»,-ասաց նա և հայտնեց, որ 2020 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 2021-ին աշխատատեղերը ավելի են 37 629-ով, 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի համեմատ՝ 70 977-ով։

«Այստեղ որևէ թվային մանիպուլյացիա չկա: Անհրաժեշտության դեպքում բոլոր աշխատողներին հատ-հատ անուն-ազգանունով կարող ենք նույնականացնել»,-ասաց նա։

Նա հայտնեց, որ էական աճ է արձանագրել նաև միջին ամսական աշխատավարձի առումով. 2021 թվականի դեկտեմբերին միջին աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 30 հազար դրամով կամ 12 տոկոսով, 2019-ի համեմատ ավելի է 43 հազար դրամով կամ 18 տոկոսով, 2018-ի համեմատ ավելի է 54 հազար դրամով կամ 24,6 տոկոսով:

«2021 թվականի ընթացքում Հայաստանում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 միլիարդ 600 միլիոն դրամ աշխատավարձ, ինչը 2020-ի համեմատ ավելի է 15,7 միլիարդ դրամով կամ 13 տոկոսով: Ցածր վարձրատրվող աշխատողների տեսակարար կշիռը նվազել է մոտ 9 տոկոսով, խոսքը մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների մասին է»,- նշեց նա և հավելեց, որ միջին անվանական աշխատավարձի շարունակական աճ է արձանագրվել մոտ 55 հազար դրամի չափով:

«Բայց, ցավոք, պիտի ընդգծեմ, որ մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխությունները մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև 2021-ի ընթացքում մենք ունեցել ենք էական գնաճ, որը 2021-ի դեկտեմբերին կազմում է 7,7 տոկոս՝ 2020-ի համեմատ, սա ավելին է, քան մենք նախատեսել էինք պետական բյուջեում»,- ասաց նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն