Ինչու են Մուրադ Ջանիբեկյանին հեռացրել թատրոնից
ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանը հեռացվել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։ Բանն այն է, որ դերասանը հրաժարվել է պատվաստվել COVID-19-ի դեմ, որի պատճառով թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի կողմից ստացել է երրորդ նկատողությունը, այնուհետ՝ հեռացվել թատրոնից:
Ի պատասխան՝ Մուրադ Ջանիբեկյանն էլ դիմել է դատարան՝ բողոքարկելու այդ որոշումը։ «Փաստաբաններն ասացին՝ մենք այդ գործով կզբաղվենք, ես էլ ասացի՝ խնդրեմ»,- մեզ հետ զրույցում ասում է դերասանն ու նեղսրտում նման վերաբերմունքից․ «Կյանքիդ 50 տարին դնում ես թատրոնում, ամեն ինչ վաճառելով, ֆիլմեր նկարելով պատմություն թողնելով, 12 մրցանակներով, կոչումներով, ու հանկարծ նորելուկները քեզ ասում են, որ դու իրավունք չունես մտնել թատրոն։ Ակամայից հիշեցի իմ մեծ վարպետներին՝ Ֆրունզիկ Մկրտչյանին, Հովհաննես Շիրազին, որ էլի արգելել էին մտնել․․․ չեմ համեմատվում, Աստված վկա, բայց մի հարց կուզենայի տալ․ եթե հանկարծ այդ քովիդն առաջ լիներ, ու, ենթադրենք, Արամ Խաչատրյանը կամ Մարտիրոս Սարյանը, Վահրամ Փափազյանը հրաժարվեին պատվաստվել, ինչ է՝ իրենց պետք է արգելեի՞ն գործի գալ կամ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը չեղյալ համարեին ու ասեին՝ քովիդի թուղթ չունե՞ք․․․։ Չարությունն էլ սահման ունի, բայց հիմարությունն անսահման է, որ իրենց գենետիկ կոդի մեջ նստած է»։
Այդուհանդերձ, գործ ունենք օրենքի պահանջի հետ, այս տեսանկյունից որքանո՞վ են իր փաստարկներն ամուր, եւ ի՞նչ նկատառումներից ելնելով է հրաժարվում պատվաստվելուց։ «Ինձ ասացին, որ օրենքի 134-րդ հոդվածի 6-րդ կետով գործատուն իրավունք չունի ինձնից բժշկական թուղթ պահանջել, եթե ես ներկայացումը կամ փորձը չեմ տապալել, ես պատրաստ եկել եմ ու իմ գործն արել եմ․․․ բայց հանկարծ պահակն ինձնից ներողություն է խնդրում եւ ասում՝ պարոն Ջանիբեկյան, ներեք ինձ, ես ընդամենը կատարող եմ, քանի որ հայտարարել են, որ Դուք հանկարծ թատրոն չմտնեք։ Սրանք անցողիկ են, եւ այս թեման մի օր վերջանալու է եւ փակվելու է, ու երբ պաշտոնանկ լինեն, ի՞նչ պատասխան են տալու ժողովրդին։ Եթե մի նորմալ պատճառաբանություն լիներ՝ հա, բայց ի՞նչ է նշանակում՝ եթե քովիդի դեմ չես պայքարում, իրավունք չունես թատրոն մտնելու․․․։ Իսկ իմ խոսքը հիմնավորված է, ոչ թե մեր առողջապահության նախարարի նման, որ իր մասնագիտության հետ էլ կապ չունի․ ֆրանսիացի գիտնականներն ու իսպանացի քիմիկոսները հիմնավորապես բացատրում են, թե ինչ է կատարվում, երբ դու պատվաստվում ես․ առաջինը՝ ջնջվում է քո գենը, հետո՝ արյան մեջ է մտնում, հետո՝ գնում է ոսկրածուծ, որը չորացնում է ու կյանքդ կարճացնում եւ հասնում մինչեւ գանգուղեղ, որը քաղցկեղ է առաջացնում։
Մարդու իմունային համակարգը քանդվում է, նույնիսկ չես կարող արյուն տալ զինվորին, որովհետեւ հարցնում են՝ եթե պատվաստված եք, չեք կարող արյուն տալ։ Ես ներկայացրի իմ փաստերը, բայց դա չի անցնում, եթե ալերգիկ չես կամ էլ՝ հղի»,- ասում է Մ․ Ջանիբեկյանն ու նշում՝ թատրոնի տնօրենը գրել է իրեն, որ պարտավոր է այդ պահանջը կատարել․ «Բայց ես պարտավոր չեմ, օրենք գոյություն ունի, ես ներկայացրել եմ իմ պատճառաբանությունները, որն իրենց մոտ չի անցնում, ուստի ազատված եմ աշխատանքից։ Զարթնեք, վաղը, մյուս օրը ես կարող է մտնեմ պատմություն, իսկ դուք էսօր կաք, վաղը չկաք, ինչքա՞ն կարելի է քծնել, վերեւի հրամանները կատարել»։
Դերասանը հոկտեմբերի 15-ից նաեւ աշխատավարձ չի ստանում։ «50 տարվա կյանքս դրել եմ այդ թատրոնում, ու հանկարծ նորելուկ դեղնակտուցները թատրոնի 100 ամյակի օրն ինձ արգելում են մտնել թատրոն։ Իրենք չգիտեն, որ այն, ինչ կարելի է Եզոպոսին, չի կարելի եզին։ Ես այսօր վարձով եմ ապրում, իմ ամբողջ ունեցվածքը վաճառել եմ պատմություն թողնելու համար եւ չեմ բողոքում ոչ մեկին ու ոչ մեկի առաջ վիզ չեմ ծռում։ Սա իմ ճակատագիրն է, որը ես եմ ընտրել»,- ասում է դերասանն ու նկատում, որ, ի տարբերություն իրեն, գուցե թատրոնում շատերը կարողացել են չպատվաստվել, բայց կարեւորը՝ թուղթ են ներկայացրել, ինչն ինքը չի արել։
Թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ, այդուհանդերձ պնդեցինք, նաեւ հետաքրքրվեցինք՝ թատրոնում էլի՞ կան մարդիկ, ովքեր չեն պատվաստվել եւ նկատողություն են ստացել։ «Թատրոնում կա՛մ պատվաստվել են, կա՛մ ներկայացրել են ՊՇՌ թեստ, իսկ Մուրադ Ջանիբեկյանը գտնում է, որ ինքը ո՛չ պետք է պատվաստվի, ո՛չ ՊՇՌ թեստ հանձնի, եւ ամեն ինչ իր ուզածով պետք է լինի։ Ես ուրիշ բան չունեմ ասելու, մնացածը՝ օրենքի սահմաններում, քանի որ իրենք դիմել են դատարան»։
Hraparak.am