Ասպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական առարկայի քննություն չի կազմակերպվի
Ասպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկայի դասընթաց և քննություն չի կազմակերպվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,սույն որոշման նախագիծը ընդունվել է Կառավարության փետրվարի 3-ի հերթական նիստում:
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ասպիրանտուրայի դիմորդները արդեն իսկ տիրապետում են ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկային և այդ դասընթացի կազմակերպման անհրաժեշտությունը առկա չէ, քանի որ դիմորդները նախորդ կրթական ծրագրերով սովորելու ընթացքում բավարար գիտելիքներ են ձեռք բերում հիշյալ առարկայից:
«Ըստ գործող կարգի՝ ասպիրանտուրայի դիմորդները ընդունելության մրցույթին մասնակցելու համար բացի մասնագիտական քննություն հանձնելուց, ատեստավորվում են օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաներից, ընդ որում նշված առարկաների նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեից:
Այսպիսով ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում դասընթացի համար, որի հիմունքներին դիմորդներն արդեն իսկ տիրապետում են և հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունը շարունակելու դեպքում հնարավորություն են ստանալու կատարելագործելու տվյալ բնագավառի իրենց գիտելիքները»,- նշված է նախագծում:
Ելնելով վերոգրյալից ասպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկայի դասընթացի և քննության կազմակերպման անհրաժեշտություն առկա չէ:
Armenpress.am