Գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման, դատավորների վրա համատարած ճնշումների հետ․փորձում են ցույց տալ, որ այն դատավորին, որը չի ենթարկվում, ինքնուրույն է որոշում կայացնում, կպատժեն․ Երեմ Սարգսյան
Իրականում բացառիկ իրավիճակ է, մենք տարիներով հետ ենք գնացել, ամենախայտառակ երկրներին և իրավիճակներին հավասարվելով, երբ ժողովրդավարությունը նման անկում է ապրում։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը՝ անդրադառնալով Բախշիյանին առնչվող գործին։
«Թող որևէ մեկը ձևական չասի, թե օրինական պրոցեսներ են տեղի ունենում, գործ ունենք կոնկրետ դատավորի գործունեության միջամտության հետ։ Դատավորը որոշում է կայացրել իր համոզմունքներով, գործի փաստերի հիման վրա։ Այդ որոշումը չի բողոքարկվել Վերաքննիչ դատարան Դատախազության կողմից, և հիմա քննիչը, դատախազը որոշել են, որ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած օրինական ակտը, որն իրենք կասկածի տակ դնելու իրավունք բացարձակապես չունեն, ասում են, որ բավարար չէ, որ ապօրինի է, դեռ ակնհայտ ապօրինի է, և այսօր էլ Առաջին ատյանի դատարանը պետք է մեկ այլ դատավորի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերաբերյալ կարծիք հայտնի, երբ դրա համար կա Վերաքննիչ դատարան»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ԲԴԽ-ում խայտառակ որոշում են գրել, որում նույնսիկ հիմնավորում չկա։
«Բառացի, տառացի արտատպել են Դատախազի միջնորդությունը՝ որևէ կերպ որևէ ինքնուրույնություն ցույց չտալով։ Ակնհայտ է, որ գործ ունենք իրավապահ համակարգի կազմաքանդման, օրինականության կազմաքանդման, դատավորների վրա համատարած ճնշումների հետ։ Փորձում են ցույց տալ, որ այն դատավորը, որը չի ենթարկվում և ինքնուրույն է որոշում կայացնում, կպատժենք, ապօրինի քրեական գործեր կհարուցենք, կդատապարտենք, կկասեցնենք լիազորությունները, բոլորդ իմացեք՝ հաջորդ քայլին այսպես կլինի»,-ասաց Սարգսյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Հիշեցնենք նաև, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։
Tert.am