ԲԴԽ-ն կարծես թշնամություն է անում անկախ դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում նրանից՝ զուտ արդար աշխատելու համար այս գործընթացների ավարտից հետո ԲԴԽ-ի դատավոր անդամները պետք է հրաժարական տան․փաստաբան
Ինձ համար այս պատմության մեջ առավել ողբերգական հատվածը Բարձրագույն դատական խորհրդի վարքագիծն էր։ Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Արսեն Սարդարյանը՝ անդրադառնալով Բախշիյանին առնչվող գործին։
«Մենք, իշխանությունների տարանջատման սկզբունքից ելնելով, ունենք կառույց, որը պետք է երաշխավորի դատավորի անկախությունը։ Երբ կա հանցավոր համաձայնության ռիսկ, կասկած կամ որևէ նյութ, պետք է ԲԴԽ-ն ուսումնասիրի, և, հայտնաբերելով նման տվյալ, կարող է թույլ տալ միջամտել դատավորի գործունեությանը։ Տվյալ դեպքում նման նյութի, նման տեղեկատվության բացակայության պայմաններում, զուտ վերացական դատողությունների հիման վրա ԲԴԽ-ն թույլ է տալիս դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել»,-ասաց Սարդարյանը, ապա հավելեց․
«Ավելին՝ ԲԴԽ-ն կարծես թշնամություն է անում օբյեկտիվ և անկախ աշխատող դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում նրանից՝ զուտ արդար աշխատելու համար։ Այս գործընթացները երբ ավարտվեն, Բորիս Բախշիյանից ներողություն են խնդրելու մի շարք իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բայց ԲԴԽ անդամները, մասնավորապես, դատավոր անդամները չպետք է միայն ներողություն ասեն, պետք է հրաժարական տան և դուրս գան»,-ասաց Սարդարյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։
Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Հիշեցնենք նաև, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։
Tert.am