Մահացել է Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ Ժորա Սնխչյանը
71 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ հասարակական գործիչ, վիրահայ բանաստեղծ, «Վերնատուն» միության հիմնադիր նախագահ, Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը:
Ժորա Սնխչյանն ակտիվորեն մասնակցել է Վրաստանի հայ համայնքի հասարակական կյանքին, Վրաստանում հիմնել է հայ գրողների «Վերնատուն» միությունը, հանդիսացել է «Վերնատուն» և «Զարթոնք» գրական տարեգրքերի խմբագիրը։
Նշենք, որ Ժորա Սնխչյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 5-ին, Վրաստանի Բոգդանովկայի (այժմ՝ Նինոծմինդայի) շրջանի Ջիգրաշեն գյուղում: Սովորել է տեղի, ապա՝ Բոգդանովկայի հայկական դպրոցում:
1968-ին ընդունվել և 1973-ին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը: Ավարտելուց հետո աշխատել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, 1976-ից՝ շրջանային կոմերիտական և կուսակցական մարմիններում, շրջանային թերթի խմբագրությունում:
1992-ին ընտրվել է Վրաստանի I պրոֆեսիոնալ խորհրդարանի անդամ, այնուհետև աշխատել է երկրի նախագահի աշխատակազմում որպես խորհրդական, ազգամիջյան հարաբերությունների ծառայության պետի տեղակալ:
2006 թվականից աշխատել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության և երիտասարդական հարցերով ծառայության պետ: Պարգևատրվել է Վրաստանի Պատվո շքանշանով, ՀՀ Մովսես Խորենացի մեդալով, ՀՀ մշակույթի նախարարության երկու ոսկե մեդալով, ՀՀ սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյան մեդալով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով և այլն:
Վաստակաշատ գրողի ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ։
Armenia Today-ը ևս իր խորին ցավակցությունն է հայտնում հասարակական-քաղաքական և մշակութային գործչի ընտանիքին։
Ներկայացնում են արխիվային կադրեր՝ Ժորա Սնխչյանի 65-ամյակին նվիրված մեծարման երեկոյից։
Armeniatoday.news