ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ,  Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը սահմանադրական բարեփոխումների գործընթացի համար կարևորում է ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիրակոսյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում իր խոսքում:

Եղիշե Կիրակոսյանը նախ վստահություն հայտնեց, որ խորհրդի աշխատանքը լինելու է արդյունավետ: Ըստ նրա՝ լավ է, որ նախորդ հանձնաժողովից անդամների ներկայացվածություն կա, քանի որ դա կօգնի  որոշակի շարունակականություն ապահովել:

Կիրակոսյանն անդրադարձավ նաև նրան, թե ինքն ինչն է կարևորում սահմանադրական բարեփոխումների գործընթացում: «Կարծում եմ՝ սահմանադրական բարեփոխումները, լինելով բարդագույն իրավաքաղաքական պրոցես, առաջնային ամենակարևոր մոտեցումը պետք է լինի ճշգրիտ մեթոդաբանության ընտրությունը՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացը հաջողությամբ սկսելու, տանելու և ավարտին մոտեցնելու ուղղությամբ»,-ասաց Կիրակոսյանը՝ կարևորելով հրապարակայնությունը, կոմունիկացիաները:

Նա կարևորեց քննարկումների արդյունքում, փորձագիտական կարծիքների միջոցով տարբեր խնդիրների վերաբերյալ ճիշտ լուծումներ մոդելավորելը: Կիրակոսյանը համաձայնեց հնչած տեսակետի հետ, որ նաև Սահմանադրության տեքստի առումով որոշակի տեխնիկական խնդիրներ կան: «Բայց կարծում եմ՝ առաջնայինը պետք է կենտրոնանանք բովանդակությունը ճիշտ ձևակերպելու վրա: Եթե այս ուղղության վրա ունենանք ճիշտ մոտեցում, կարծում եմ՝ սկիզբն արդեն ճիշտ է դրված, վստահ եմ՝ կկարողանանք հաջողել»,-ասաց նա:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն