Երբ շենքը դեկտեմբերի 22-ին քանդում են ու չեն գալիս, պետք է հաշվի առնենք՝Նոր տարի է, խոզի բուդ է, չեն գալու. աշխատեք՝հարցը լուծենք, գնանք առաջ, թե չէ 3 տարի է՝ արևային պանել ենք դնում. Երևանի քաղաքապետ
Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Գրիգորյանը զեկուցեց, որ Երևանի համար Եվրամիության կողմից իրականացվող արևային ծրագիրը իրականացվում է երկու փուլով, առաջին փուլը ավարտված է, և թվով 43 շենքերում տեղադրված են արևային կայաններ, իսկ երկրորդ փուլում, որը մեկնարկել է նոյեմբերի վերջին, ներառված է 54 բազմաբնակարան շենք։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարական տվեց վարչական շրջանների ղեկավարներին ակտիվ աշխատանքներ տանել արևային պանելների տեղադրման հարցը լուծելու ուղղությամբ։
«Մենք փետրվարի վերջ պետք է վերջացնենք, ասեք` ինչ է պետք, ես էլ կարող եմ գալ, խոսել բնակիչների հետ, վերջացնենք այդ ծրագիրը»,- ասաց նա։
Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը նշեց, որ Ավան համայնքում ծրագիրը կանգ է առել շինարարների վատ աշխատանքի պատճառով։
Քաղաքապետը հանձնարարեց դիմել բանկերին, հասկանալ՝ քանի ոչ բարեխիղճ տնտեսվարողների են տրամադրվել երաշխիքներ։
«Դա մեր սխալ կազմակերպվածության արդյունքն է, կամ բնութագրի մեջ չենք նշել դրա մասին, կամ էլ աշխատանք չենք արել, մեր խնդիրն է։ Իսկ երբ շենքը դեկտեմբերի 22-ին քանդում են ու չեն գալիս, պետք է հաշվի առնենք, որ հունվար է, Նոր տարի է, խոզի բուդ է, չեն գալու իրենք հունվարին, մեր մեղավորությունն էլ կա։ Գիտեմ, խնդիրներ կան համատիրությունների հետ, ակտիվ աշխատեք, այդ հարցը լուծեք, գնանք առաջ, թե չէ երեք տարի է՝ արևային պանել ենք դնում։ Բնակիչների համար էլ է դա կարևոր, հավելյալ եկամուտներ ու քիչ ծախսեր կունենան, այդ գումարն էլ կուղղեն իրենց շենքի բարեկարգմանը»,- ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Tert.am