Հայաստանի ֆոնդային բորսայի 2022 թ․-ի հունվար ամսվա ամփոփ տվյալները 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցույց են տալիս առևտրի և շուկայի ծավալների համեմատական աճ։

Հայաստանի ֆոնդային բորսայում  տեղի ունեցած առաջնային  աճուրդների ընթացքում  տեղաբաշխված պետական պարտատոմսերի ծավալը կազմել է 52 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը հունվարին կազմել է ավելի քան 8.5 մլրդ ՀՀ դրամ՝ 2021 թ․-ի հունվարի համեմատ գրանցելով 65% աճ: Կնքվել է պետական գանձապետական պարտատոմսերով 59 գործարք։ Նախորդ տարիների համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։

Կորպորատիվ պարտատոմսերի հունվար ամսվա շուկայի ծավալը կազմել է ավելի քան 490 մլրդ դրամ, որը 8%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը 2021 թ․-ի հունվարի համեմատ աճել է 78%-ով՝ հատելով 3.6 մլրդ դրամի շեմը։ Կորպորատիվ պարտատոմսերով կնքվել է 180 գործարք։

Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը նախորդ տարիների համեմատ նույնպես աճել է՝ հասնելով 104-ի։ Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ դրամ, որը գերազանցում է 2021 թ․-ի հունվարի համապատասխան ցուցանիշը 41%-ով։

Բաժնետոմսերի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է՝ հասնելով 6.4 մլն դրամի։ Շուկայի կապիտալիզացիան նախորդ տարվա համեմատ աճել է 27%-ով՝ հասնելով 174 մլրդ դրամի։ Բաժնետոմսերով կնքվել է 9 գործարք։

AMX Հայաստանի ֆոնդային բորսա

A1plus.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն