Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության և հասարակության համար կենսական խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը և իրականացումը՝ անկախ ընտրությունների արդյունքներից: Այս մասին հայտարարություն-կոչ են տարածել Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ:
Հայտարարության ամբողջական տեքստը ստորև․
Վաղը՝ հունիսի 20-ին, Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, արտահայտում ենք մեր խիստ անհանգստությունն ու մտահոգությունն այն մթնոլորտի առնչությամբ, որում ընթացավ այս քարոզարշավը։ Այն ուղեկցվեց քաղաքական մրցակիցներին ամեն գնով վարկաբեկելու, վիրավորելու, հասարակության աչքում նրանց ոչնչացնելու անթաքույց ու աննախադեպ դրսևորումներով, սուտ ու կեղծ տեղեկությունների, ապատեղեկատվության, վիրավորանքի, ատելության խոսքի տարածմամբ։ Այս իրավիճակը միայն խորացնում է մեր հասարակության ներսում անհանդուրժողականությունը՝ հանգեցնելով նոր բաժանարար գծերի առաջացմանը և բացառելով Հայաստանում համերաշխության վերականգնման ու երկրի ապագայի շուրջ քաղաքակիրթ երկխոսության ձևավորման հեռանկարը, ինչպես նաև շեղում է իրական բանավեճից այնպիսի կարևոր խնդիրների շուրջ, ինչպիսիք են Հայաստանի ժողովրդավարական զարգացման և անվտանգության ապահովման, իրավունքի գերակայության սկզբունքի իրականացման հարցերը, կրթության, առողջապահության, սոցիալական արդարության, թափանցիկ և հաշվետու կառավարման ոլորտների խնդիրները։
Ի վերջո, այս ընտրություններն առաջինն են 2018թ․ Թավշյա հեղափոխությունից հետո, և դեռևս օրակարգային ու հրատապ խնդիր են հանդիսանում սոցիալական արդարության հաստատումը, հաշվետու և թափանցիկ կառավարման ապահովումը, արդարադատության իրականացումը երաշխավորող հանրային վստահություն ունեցող դատաիրավական մարմինների ձևավորումը:
Հաշվի առնելով նախընտրական քարոզչության ընթացքում վերը նշված իրավիճակը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս գտնում ենք, որ պետության և հասարակության համար կենսական խնդիրների քննարկման և դրանց լուծման ուղղությամբ քայլեր կատարելու համար առավել քան անհրաժեշտ է նաև քվեարկության օրը և հետընտրական ժամանակահատվածում քաղաքակիրթ երկխոսության, բազմակարծության մթնոլորտի պահպանումը, բռնությունների, ատելության կոչերի բացառումը, հիմնարար իրավունքների՝ հավաքների ազատության և կարծիքի արտահայտման իրավունքի երաշխավորումը և իրականացումը՝ անկախ ընտրությունների արդյունքներից։
ՀՀ իրավապահ և պետական մարմինները պարտավոր են գործել բացառապես օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում, ապահովելու համար հասարակական կարգի պահպանումը քաղաքացիների առանց զենքի, խաղաղ հավաքների ազատությունն իրականացնելու ընթացքում՝ կանխելով բռնության դրսևորման ցանկացած դեպք։
Քաղաքական կուսակացություններն ու դաշինքները, նրանց ղեկավարները, որոնք հայտ են ներկայացրել ստանալու ՀՀ քաղաքացիների քվեն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, անմիջական պատասխանատվություն են կրում իրենց հրապարակային կոչերով և դիքրոշումներում գործել բացառապես ժողովրդավարական պետության սկզբունքներին համապատասխան, ջանքեր գործադրելու, որպեսզի իրենց համախոհներն ու աջակիցները գործեն սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացման հիման վրա։
Հորդորում ենք ընտրությունների քվեարկության օրն ու դրան հաջորդող ժամանակահատվածում ապահովել փոխադարձ հարգանքի մթնոլորտ ու քաղաքակիրթ երկխոսություն, զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքների արժեքները խեղաթյուրող վարքագծից և գործելակերպից, գործադրել անհրաժեշտ քաղաքական կամք և ջանքեր ազատ, արդար ընտրությունների իրականացման, լեգիտիմ իշխանություն ձևավորելու համար։ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ջանք չխնայեն հող նախապատրաստելու, որպեսզի Հայաստանի հասարակությունը ու հայ ժողովուրդը միավորվի և միասին, միահամուռ կերպով գտնի լուծումներ ստեղծված բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու համար։
ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում չտրվել սադրանքների, մանիպուլյացիաների, չոտնահարել ուրիշների իրավունքները, հարգել այլ քաղաքացիների ազատ կամքն ու խոսքի իրավունքը։ Ակնկալում ենք փոխադարձ զսպվածություն և խոհեմություն բոլոր քաղաքական ուժերի համակիրների կողմից։
Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ընտրությունների դիտորդական առաքելություններ իրականացնող միջազգային կառույցներին ապահովել առավելագույն անաչառություն, անկողմնակալություն և թափանցիկություն դիտորդության ժամանակ և ընտրություններից հետո երկխոսությունը Հայաստանի իշխանությունների հետ կառուցել ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների, օրենքի գերակայության հարգման սկզբունքի վրա։
Հայտարարությունը բաց է միանալու համար
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Կանանց ռեսուրսային կենտրոն»: