Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը քննում է Ռոբերտ Քոչարյանին, Քաջարանի քաղաքապետին, Ա․ Չարչյանին կալանք տված դատավորը․ պաշտպան
Դատավոր Բախշիյանի կալանավորումից հետո յուրաքանչյուր դատավոր, նախքան քրեական գործի վերաբերյալ որոշում կայացնելը, որով հետաքրքրված է քաղաքական իշխանությունը, երկար է մտածելու, որպեսզի հետագայում քաղաքական հետապնդման չենթարկվի ու չկալանավորվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Վստահություն չունեմ, թե այսօրվա դատավորը Առուշանյանի գործով ինչ կարող է անել, հատկապես, որ այդ դատավորը հենց երեկ կալանավորեց Քաջարանի քաղաքապետին։ Ինքն այն դատավորն է, որ կալանավորել է նաև Արմեն Չարչյանին, և կյանքը ցույց տվեց, որ Չարչյանի կալանավորումը եղել է ապօրինի։ Եվ, ի վերջո, սա այն դատավորն է, որ երկու տարի առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հակասահմանադրական հոդվածով նույնպես կալանավորել է։ Բայց պետք է հիշել, որ ամեն ինչ հավերժ չէ, այս իշխանությունը՝ ևս: Գալու է այն օրը, որ այս ամոթալի էջը ոչ թե թերթենք, այլ ուղղակի պատռենք»,-ասաց պաշտպանը։
Ալեքսանյանի դիտարկմամբ՝ այս ամենը հիմնավոր կասկած է առաջացնում, որ դատավորը հավատարիմ է մնալու ոչ թե արդարադատությանը, այլ այսօրվա քաղաքական իշխանությանը։
Անդրադառնալով Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդության հարցին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց․ «Լուսինե Ավետյանի արդարացնող բնույթի ցուցմունքն արդեն բավարար է արձանագրելու համար, որ մենք ունենք նոր հանգամանք, և այդ նոր հանգամանքը բավարար է, որպեսզի Առուշ Առուշանյանի խափանման միջոցը փոփոխվի գրավով»,-ընդգծեց նա։
Պաշտպանն ասաց, որը գրավի չափին անդրադառնալիս նշել են, որ պատրաստ են վճարել 80 մլն-ից սկսած։ Նշենք, որ այս պահին Վերաքննիչ դատարանում քննվում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը մեղադրվում է համայնքի ընտրողներից առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով, ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ ծանր հանցագործություն նախապատրաստելու, այն է` ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի միջոցով կազմակերպել է նույն բնակավայրի ընտրողներին 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն եւ «Հայաստան» դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:
Tert.am