68 հազար դրամ ամսական նվազագույն ամսական աշխատավարձը երազանքի թիվը չէ, բայց պետք է հաշտվել որոշակի իրողությունների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացնել՝ 68 հազար դրամից դարձնելով 100 հազար դրամ:

«Այդ իրողություններից մեկը նա է, որ մեր նախընտրական խոստման մեջ նշել ենք, որ նվազագույն աշխատավարձը դարձնելու ենք 85 հազար դրամ մինչև մեր ժամկետի ավարտը, բայց դա նվազագույնի մասին է խոսքը։ Բնականաբար, տնտեսական լավ ցուցանիշների առկայության պարագայում շատ ավելի արագ է աճելու նվազագույն աշխատավարձը»,- ասաց Պապոյանը։

Պատգամավորը առաջարկում է նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման հարցը քննարկել 2023 թվականի պետական բյուջեի համատեքստում։

«Բյուջեի քննարկման ընթացքում զուգահեռ կհասկանանք, թե ինչպիսի ֆինանսական միջոցներ ունենք, կարող է և շատ ավելին կամ քիչ կարողանանք բարձրացնել նվազագույն աշխատավարձը, քան նախագծում է նշված։ Կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ ավելի ճիշտ է: Հաջորդը՝ սկզբից առաջարկում եք 100 հազար դրամ, հետո համաձայնվում եք իջեցնել  85-80 հազար դրամ։ Սա նշանակում է, որ թվային խորքային վերլուծություն չկա։ Եթե այդպես էր՝ առաջարկեիք 200 հազար դրամ բարձրացնել։ Շատ ավելի ճիշտ կլինի այս հարցի քննարկումը տեղափոխել բյուջեի հարցի համատեքստ, և, ըստ այդմ, շարժվենք առաջ»,- եզրափակեց Պապոյանը։

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն