«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանյան ներքաղաքական դաշտում և պետական համակարգում յուրահատուկ գործընթացներ են տեղի ունենում, որոնք իրադրությունը հետզհետե տանում են երկրում մենիշխանության ամրապնդման ու բացարձականացման ուղղությամբ։ Ու այդ գործընթացի ներքո է տեղավորվում նաև այն, որ իշխող խմբակցության կողմից նոր նախագահի թեկնածու է առաջադրվում այնպիսի մի անձ, որը Փաշինյանի կառավարության կազմում նախարար է աշխատել, և հարկ եղած դեպքում նույնիսկ չի էլ փորձի որևէ ձևով հակադրվել իշխանություններին։ Լավ, չհակադրվել, գոնե հավասարակշռել, հակակշռել, մի խոսքով՝ մի քիչ իրականացնել իր սահմանադրական լիազորությունները: Այսինքն, նա չի էլ փորձելու շեղվել իշխանությունների կողմից իր համար գծված շրջանակից։

Առավել ևս, որ ընտրվելիք նախագահն, ինչպես երևում է սահմանադրական փոփոխությունների հեռանկարից, լինելու է պարզապես տեղապահ: Բացի դրանից, պատահական չէ, որ վերջին շրջանում ողջ դատական համակարգն է հայտնվել բռնաճնշումների մամլիչի տակ։ Եվ այն դատավորները, որոնք դեռևս կարող են իրենց թույլ տալ անկախ որոշումներ կայացնել, քրեական հետապնդումների ու տարբեր այլ ճնշումների կիզակետում են հայտնվում։ Բայց նույնիսկ այս դեպքում դատական իշխանության ներսում ստեղծված իրադրությունը իշխող ուժի համար բավարար չէ, և նրանք միանգամից փաթեթային ձևով են ցանկանում լուծել դատարանները վերջնականապես իրենց ենթարկելու հարցը։ Դրա համար էլ նոր մեթոդների կիրառման օգնությանն են դիմել։ Օրինակ՝ հենց դատական իշխանության շուրջ տեղի ունեցող գործընթացների շրջանակում իշխանությունները նախաձեռնել են դատավորների թոշակները բարձրացնելու հարցը։

Նպատակը պարզ է՝ թոշակների բարձրացումը նախաձեռնում են, որպեսզի դատավորներից շատերին համոզեն առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ, իսկ նրանց փոխարեն նշանակեն անփորձ երիտասարդների, որոնց շատ հանգիստ կարող են ամբողջությամբ իրենցից կախվածության մեջ գցել և ուղղորդել։ Թարմ է հիշողությունը, թե ինչպես ժամանակին թոշակի ուղարկելու միջոցով փորձեցին լուծել ՍԴ դատավորների հարցը։ Ինչպես ասում են՝ երևակայություններն ավելիին չի ձգում: Ի վերջո, Փաշինյանի համար պրոֆեսիոնալիզմն ընդհանրապես տեղ չունի, կարևորը՝ նշանակվեն մարդիկ, ովքեր կլինեն հլուհնազանդ կամակատար։ Եվ վերջ: Այս տրամաբանության մեջ են տեղավորվում գրեթե բոլոր ոլորտներում անցած երեքուկես տարում արված նշանակումները։ Նա այս ճանապարհին ձեռքերը մեկնել է դեպի բոլոր ոլորտներ, այդ թվում՝ ընտրովի ՏԻՄ՝ չխորշելով ոչ մի միջոցից:

Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը հերթով հպատակեցնում է բոլոր կառույցները, ինչն իրեն հնարավորություն է տալու ամրապնդել իր իշխանությունը և միանձնյա որոշումներ կայացնել։ Նպատա՞կը... Միայն մեկն է՝ անձնիշխանության հաստատման միջոցով ամեն կերպ կառչած մնալ իր աթոռին, որը կարող է լինել իր միակ փրկօղակը։ Փաշինյանին, որի երազանքը միշտ պաշտոնն ու անսահման իշխանությունն է եղել, հիմա, առավել քան երբևէ, բացարձակ իշխանություն է պետք, որպեսզի ոչ ոք ի զորու չլինի իրեն հակադրվել կամ ձեռնոց նետել։ Իսկ ժողովրդավարությունը որպես իրենց քաղաքական բրենդ ներկայացնելու հանգամանքը ընդամենը իրական նպատակները քողարկելու միջոց է։ Փաշինյանն ինքն իր տեսակով ժողովրդավար չէ ու չի կարող լինել: Նա ձգտում է միայն մեկ բանի՝ անվերապահ իշխանության, ուրիշ ոչինչ նրան հետաքրքիր չէ՝ ո՛չ երկիրը, ո՛չ «հպարտ քաղաքացիները», ո՛չ, առավել ևս, «ինչ-որ» ժողովրդավարություն: Մյուս կողմից էլ՝ Փաշինյանը, կարծես, պահեստային տարբերակ է պահել իր համար, որը կապված է սահմանադրական փոփոխությունների թեմայի հետ։

Հետաքրքրական է, որ իր վերջին առցանց հարցազրույցներից մեկում նա խոսում էր, թե սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը ոչ թե պայմանավորված է կառավարման ձևը փոխելու անհրաժեշտությամբ, այլ դրանով միայն գործող Սահմանադրությունն աուդիտի ենթարկելու նպատակ են հետապնդում։ Բայց քանի որ Փաշինյանի հայտարարություններն այլևս արժեք չունեն, ու դրանց արդեն վաղուց ոչ մի տրամաբանող մարդ չի կարող հավատալ, ակնհայտ է, որ ցանկացած ժամանակ նա կարող է փոխել իր կարծիքը։

Պատահական չէ, որ հստակ տեղեկություններ են շրջանառվում, որ Փաշինյանի նպատակը հենց կառավարման ձևի փոփոխությունն է՝ որպես առավել ամուր փրկօղակ: Նա, ամենայն հավանականությամբ, կորոշի գնալ նախագահական կառավարման ձևի, որպեսզի անձնիշխանության հաստատման ճանապարհին ընդհանրապես որևէ խոչընդոտ չլինի, թեկուզ փոքր։ Իսկ այս ամենի արդյունքում պետությունը դառնում է փորձադաշտ, պետական համակարգն էրոզիայի է ենթարկվում՝ վերածվելով մեկ մարդու ձեռքում գտնվող գործիքի, ինչի հետևանքով շարժվում ենք պետականության քայքայման կործանարար ճանապարհով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Past.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն