Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից. Մուկուչյանի պարզաբանումը
Մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից:
«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-ասաց նա։
Հարցին էլ՝ եթե ընդդիմության բոլոր պատգամավորները հրաժարվե՞ն, Մուկուչյանն արձագանքեց՝ նշանակում է՝ ոչ ոք մանդատ չի ստանա, դիտարկմանն էլ՝ այդ դեպքում խորհրդարանում ընդդիմություն չի լինի, Մուկուչյանը պատասխանեց․ «Խորհրդարանում կմնան այն ուժերը, որոնք կան»։
Հարցին՝ սա մեխանիկորեն չի՞ տանում նոր արտահերթ ընտրությունների, Մուկուչյանն ասաց, որ այս պահին կդժվարանա հստակ պատասխան ներկայացնել։
«Այս փուլում մանդատներից հրաժարման ամրագրված ինստիտուտ չունենք, իհարկե, կարող է լինել, տարբերակ, որ, ենթադրենք, թեկնածուները, որոնց հատկացվում են մանդատներ, հրաժարվում են իրենց մանդատները ստանալուց՝ ինքնաբացարկ հայտնելու միջոցով, այդ դեպքում այն կուսակցությունները, որոնք մասնակցել են մանդատների բաշխմանը, բնական է, նրանք են միայն ստանում իրենց մանդատները»։