Երևանում և մի շարք մարզերում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +40-ի
Հանրապետության ամբողջ տարածքում, արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, հունիսի 21-26-ը սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Արարատյան դաշտում և նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։ Հունիսի 21-26-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
Մայրաքաղաքում հունիսի 21-ի ցերեկը, հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: