Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել Արցախի ու Հայաստանի դեմ՝ օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից. Իսրայելցի քաղաքագետ
Իսրայելցի քաղաքագետ Մեննի Կորսունսկին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող է պատճառ դառնալ թուրք-ադրբեջանական տանդեմի համար՝ ռազմական գործողություններ սկսել Արցախի ու Հայաստանի դեմ:
«Շատ հնարավոր է, որ այդպիսի սցենարն իսկապես իրականություն դառնա, քանի որ աշխարհի ուշադրությունն այժմ կենտրոնացած է Ռուսաստանի ու Ուկրաինայի վրա: Ադրբեջանը միանշանակ կօգտագործի այս հնարավորությունը՝ իր նպատակներին հասնելու համար: Ինձ նույնիսկ տեղեկություններ են հասել այն մասին, թե որքանով է դա ճիշտ՝ չեմ կարող ասել, բայց ինձ հասած տեղեկությունների համաձայն նրանք արդեն սկսել են նման փորձեր անել: Բացի այդ, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական գործողությունների փոխօգնության հուշագիր է Ադրբեջանը ստորագրել Ռուսաստանի հետ»,-ասաց Կորսունսկին:
Իսրայելցի քաղաքագետը նշում է,որ Ադրբեջանը կարող է օգտվել Ռուսաստանի՝ միջազգային հանրության կողմից ոչ այնքան շահեկան դիրքից, ինչ վերաբերում է Թուրքիային, ապա իսրայելցի քաղաքագետը համոզված է, որ վերջինս բացահայտ մասնակցություն չի ունենա Արցախի ու Հայաստանի դեմ պատերազմում, բայց կստանձնի «մոխրագույն կարդինալի» դերը:
Հայկա Ալոյան
armdaily.am