Մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու. Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ Վահագն Խաչատուրյանի թեկնածությանն ու հարցի քննարկմանն ընդդիմության բացակայությանը: Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:
«Իմաստը հետևյալն է. մեր ընդդիմադիր գործընկերներն ուղղակի չէին կարող գտնել նախագահի այլընտրանքային թեկնածու, որովհետև ոչ մի մարդ, որը կկարողանար իր որակներով հավակնել պաշտոնին, չէր համաձայնի լինել իրենց թեկնածուն:
Նրանք նույնիսկ իրենց միջից չէին կարող ընտրել նախագահի թեկնածու, որովհետև «Հայաստան» դաշինք գոյություն չունի, «Հայաստան» խմբակցության մեջ կան 3-4 խմբակցություններ ու ազատ անհատներ, որոնց համար ավելի շուտ աշխարհը փուլ կգա, քան իրենք կհամաձայնեն, որ իրենց մեկ այլ գործընկեր դառնա նախագահի թեկնածու:
«Պատիվ ունեմ» խմբակցություն նույնպես չկա, այնտեղ նույնպես, թեև ավելի քիչ թվով պատգամավորներ կան, սակայն կա 3-4 խմբակցություն: Սա է միակ պատճառը, որ մեր ընդդիմադիր գործընկերներն այսօր այստեղ մեզ հետ չեն: Դա մեզ բացարձակ չի խանգարում, ասեմ ավելին, նիստն անցնում է ավելի հաճելի, քան կարող էր անցնել: Ես մեր ընդդիմադիր գործընկերներին կոչ եմ անում չզբաղվել իմիտացիոն գործունեությամբ: Իշխանություններին լեգիտիմություն հաղորդում կամ չի հաղորդում ժողովուրդը և իրենք պարտավոր են ընդունել ժողովրդի լեգիտիմությունը: Ես իրենց կոչ եմ անում գալ իրական դաշտ և արդարացնել իրենց գոյությունն այս Ազգային ժողովում»,- ասաց Ռուբինյանը:
1lurer.am