Կալանավայրերում «Հայաստան» դաշինքը հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». քվեարկության արդյունքները
Նախորդ տարվա դեկտեմբերից մինչեւ այսօր Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում եւ ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում։ Այս մասին ավագանու նիստին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Բայց քանակն այնքան մեծ է, այնտեղ գործում են հանցավոր խմբեր, սա ինչ-որ մարդիկ չեն։ Նամակներ են ուղարկվել ե՛ւ գլխավոր դատախազին, ե՛ւ ԱԱԾ տնօրենին, ե՛ւ ոստիկանապետին, որտեղ կետ առ կետ նկարագրված են սխեմաները, թե ինչ սխեմաներով են գործում։ Այդ սխեմաների մեջ ներգրավված են բազմաթիվ մարդիկ տարբեր պետական մարմիններից, դատական համակարգից, թաղային հեղինակություններ։ Կներեք այս բառիս համար, մի մեծ բանդա է գործում, եւ մենք մեր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում ենք։ Նաեւ մեր աշխատակիցների կյանքին վտանգ էր սպառնում»,- ասաց նա՝ հիշեցնելով ավելի վաղ պատմած դեպքի մասին, երբ 40-50 հոգի ոչ սթափ վիճակում, զինված, կարելի է ասել, հարձակվել էին քաղաքապետարանի 7-8 մեր աշխատակիցների վրա։
«Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ այդտեղ կարող էր մարդասպանություն տեղի ունենալ, որովհետեւ սա արդեն աբսուրդի է հասնում»,- նշեց Հայկ Մարությանը:
Նա նշեց, որ այս ամենն այսպես չի շարունակվելու, քաղաքապետարանն արդեն հստակ գծել է իր անելիքը։
«Ունենք պահեստային պլան, որն իրականացնելու ենք: Քիչ է մնացել մինչեւ այն պահը, որ մենք կտրուկ գործողություններ ենք անելու եւ իրավական մասով պինդ ենք լինելու։ Ուզում եք մի աբսուրդ բան պատմեմ. մերոնք գնում են կրպակը քանդելու, էդ կրպակի տերը զանգում է ոստիկանություն, եւ ոստիկանությունը գալիս ու սկսում է պաշտպանել այդ մարդկանց: Տարօրինակ է, չէ՞: Ոստիկաններին հարցնում ենք՝ ինչո՞ւ, ասում են՝ դե այդ մարդն օրինականի դիմում է տվել օրենքով, սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի պատասխանը, նոր քանդեք»,- նշեց քաղաքապետը: