Նույնիսկ վատ երազում չէիր կարող դատավորի կալանավորում պատկերացնել․ Պարգեւ Օհանյան
«Արդեն ունենք շատ վատ նախադեպ, դա դատավորի կալանավորումն է, այդպիսի բան նույնիսկ վատ երազներում չես տեսնի։ Ընթացքը խոսում է դատավորների վրա վերահսկողություն սահմանելու մասին», «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն՝ անդրադառնալով դատավորների նկատմամբ վերջին շրջանում իրականացվող ճնշումներին։
Նա նշեց՝ փաստ է, որ այդ ամենը կատարվում է ԲԴԽ-ի միջոցով։ «Եկեք չմոռանանք, որ մի ամբողջ իշխանության մասին ենք խոսում, պետք է Սահմանադրության մեջ փոփոխություն արվի եւ այդ սուտ, կեղծ ժողովրդավարական սկզբունքը չնշվի՝ դատական իշխանությունը մտցվի օրենսդրի մեջ, պրծնենք էլի: Մենք մեզ չկեղծենք։ Դա վերաբերում է բոլոր իշխանություններին, ոչ միայն ներկայիս իշխանություններին»,-նշեց նախկին դատավորը։ Նա նաեւ հավելեց, որ բոլոր իշխանութուններն են ցանկանում վերահսկողություն ունենալ դատական իշխանության վրա, եւ դա արվում է անթաքույց․ «Ամեն մեկը դատական իշխանության մասով նորմեր ընդունեց, որ կարողանա դրանց միջոցով այդ նորմի եւ դրա հիման վրա ընդունված դատական օրենսգրքի միջոցով իր վերահսկողությունն իրականացնել»։
Պարգեւ Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաեւ վերջին օրերին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի այն նախագծին, որով կենսաթոշակի անցած դատավորների թոշակները սահմանվեցին իրենց վերջին աշխատավարձի 70 տոկոսի չափով, ասաց, որ իրեն իշխանությունները զրկել են նման կենսաթոշակ ստանալու հնարավորությունից․ «Այն հիմքը, որով իմ լիազորությունները դադարեցվել են, զրկում է այդ իրավունքից։
Հիշեցնենք, որ Պարգև Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին 2007 թվականին։ Նրա նկատմամբ կարգապահական վարույթը իշխանությունները նախաձեռնել էին այն պատճառով, որ դատավորը արդարացնող դատավճիռ էր կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ, որից հետո Արդարադատության խորհուրդը նրան պատժեց` լիազորությունները դադարեցրեց, իսկ գործը բեկանեց եւ մեղադրական դատավճիռ կայացվեց ընկերության ղեկավարների նկատմամբ: Լիազորությունները վաղժամկետ դադարեցված դատավորները զրկվում են դատավորին հասանելիք բարձր կենսաթոշակից:
Hraparak.am