Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե միջազգային կառույցները, օրինակ ՄԱԿ ԱԽ, դարձել են միջազգային անվտանգությունն ապահովելուն անընդունակ, չեն կարողանում կանխել ռազմական գործողություններ, որոնք ողբերգություն են բերում ամբողջ ժողովուրդներին: Էրդողանի հայտարարություններից կարելի է հուզվել, սակայն դրանք իհարկե ավելի շուտ կարող էին առաջացնել անասելի ծիծաղ, եթե էրդողանյան ցինիզմի օրինակը չլիներ հայ ժողովրդի ողբերգությունը, որ եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում:

Էրդողանն իհարկե իրավացի է, որովհետև միջազգային անվտանգության համակարգի համար պատասխանատու կառույցների կենսունակության պարագայում չէր կարող տեղի ունենալ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական 44-օօրյա ագրեսիան իր ծանր հետևանքով: Եթե այդ կառույցները լինեին կենսունակ, ապա առաջինը կբռնվեր Էրդողանի ձեռքը, ընդ որում ոչ միայն Արցախում: Անվտանգության միջազգային կենսունակ համակարգի պայմաններում Էրդողանի ձեռքը Արցախ չէր էլ հասնի, այլ կկտրվեր կամ կբռնվեր դեռևս Լիբիայում ու Սիրիայում: Իհարկե Թուրքիայի նախագահի ներկայիս զգայացունց մոտեցումը այլ բան չէ, քան ուկրաինական խաղի մեջ մտնելու և դեր ստանձնելու մարտավարական դրվագ:

Էրդողանի այդ վարքագիծը սկսել է նկատելի պահանջարկ ունենալ թե Ուկրաինայում, թե կարծես նաև Ռուսաստանում, և հնարավոր է նաև Վաշինգտոնում ու Մեծ Բրիտանիայում: Ավելին, Ուկրաինայի խորհրդարանի իշխող՝ «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը օրերս հայտարարել էր, որ Ուկրաինան անհրաժեշտ է համարում իր անվտանգության միջազգային երաշխավորման նոր ձևաչափի առկայություն, որ պետք է լինի ԱՄՆ, Թուրքիայի, ինչպես նաև Ուկրաինայի հարևան երկրների մասնակցությամբ: Խոսքն այսպես ասած բուդապեշտյան հուշագրրի վերափոխման մասին է, որտեղ միջուկային զինանոցը հանձնելու դիմաց հռչակագրային անվտանգություն էին ապահովում ԱՄՆ, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան ու Չինաստանը:

Բանն այն է, որ Կիևի պատկերացրած նոր ձևաչափը՝ իսկ խորհրդարանական իշխող կուսակցությունը հենց նաև նախագահ Զելենսկու առաջնորդած ուժն է, փաստորեն ներառում է երեք առանցքային խաղացող՝ ԱՄՆ, Թուրքիա և Ռուսաստան: Իհարկե Ուկրաինան ունի այլ հարևաններ էլ, սակայն դրանք միջազգային քաղաքականության էական դերակատարներ չեն՝ Ռումինիա, Մոլդովա, Հունգարիա, Լեհաստան, Բելառուս, Սլովակիա: Ինչպես տեսնում ենք, դուրս են մնում եվրոպական առանցքային երկու երկրները՝ Ֆրանսիան ու Գերմանիան: Թերևս այդ հանգամանքն է նաև, որ Փարիզին ու Բեռլինին ստիպում է Վաշինգտոնի հետ աշխատանքից զատ, աշխույժ շփումներ փնտրել թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ: Բանն այն է, որ միջազգային անվտանգության համակարգից էրդողանյան բողոքները կարծես թե կարող են արտացոլել ոչ միայն զուտ նրա հավակնությունները՝ ձևավորել նոր համակարգեր, որտեղ Թուրքիան կլինի առանցքային շարքերում, այլ ըստ էության կարող են արտացոլել նաև ավելի խոշոր խաղացողների մոտ առկա տրամադրություններ: Հատկապես, որ ավելի խոշորները, մասնավորապես ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան, բավականին գործնական աշխուժություն են ցուցաբերում անվտանգային ձևաչափերի վերակառուցման գործում: Հնդկա-խաղաղօվկիանոսյան հայտնի ձևաչափին զուգահեռ, Մեծ Բրիտանիայի համակարգման օրինակ դիտարկվեց Լեհաստան-Ուկրաինա-Մեծ Բրիտանիա գործակցությունը, իսկ օրերս էլ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը Լոնդոնում հանդիպում էր կազմակերպել Վիշեգրադյան քառյակի՝ Հունգարիայի, Չեխիայի, Սլովակիայի և Լեհաստանի ղեկավարների մասնակցությամբ:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն