Հրատապ դիմել եմ միջազգային համապատասխան գործընկերներիս՝ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի շեմին․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Ադրբեջանի շարունակական հանցավոր քաղաքականությունը՝ միտված Արցախում ապրող խաղաղ բնակչության ահաբեկմանը, կյանքի և մյուս հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Արցախի հայաթափմանը, խիստ վտանգավոր և բացարձակ անթույլատրելի կետի է հասել: Արցախը կանգնած է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ շեմին:
Կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումների հետ մեկտեղ մարտի 8-ից Արցախի Հանրապետության ողջ բնակչությունը զրկված է գազամատակարարումից։ «Արցախգազ» ՓԲԸ-ի տեղեկությամբ մարտի 8-ին Շուշի-Զառիֆլու բնակավայրերի տարածքում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո, տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ադրբեջանը միտումնավոր կերպով արգելում է խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների իրականացմանը հայկական կողմից՝ չնայած ռուս խաղաղապահների միջնորդությանը։
Արցախում ձյուն է տեղում, ցուրտ է, և առանց ջեռուցման երկար հնարավոր չէ գոյատևել: Ադրբեջանի այս պահվածքը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, խիստ դատապարտելի է: Արցախում հումանիտար ճգնաժամի կապակցությամբ միջազգային հանրության անտարբերության և Ադրբեջանի հանցավոր գործողություններին համարժեք չարձագանքելու պայմաններում Արցախի բնակիչների կյանքի իրավունքը վտանգված է։
Հրատապ դիմել եմ միջազգային համապատասխան գործընկերներիս, Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին՝ ակնկալելով հրատապ արձագանք և դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հանցավոր գործողությունների կապակցությամբ՝ նպաստելու Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագծի շարունակության դեպքում շուտով նաև էլեկտրաէներգիայի պակաս կլինի Արցախում»:
Թագուհի Թովմասյան