14 տարվա դադարից հետո ՀՀ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարների երկկողմ հանդիպման ուղերձները
Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը բովանդակային առումով կարևոր նշանակություն չունի, քանի որ կողմերը չեն անդրադարձել երկկողմ օրակարգի առանցքային հարցերին, գոնե դրա մասին հրապարակային տեղեկություն չկա: Սակայն բուն զրույցը վկայում է կողմերի դրական տրամադրվածության մասին՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի մարտի 12-ի հանդիպմանը՝ նշում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են այն ժամանակ, երբ տեղի է ունենում հայ-թուրքական բանակցային գործընթացը; Դա նշանակում է, որ գործընթացը շարունակվում է, որ բարձր դիվանագետները աջակցում են այդ գործընթացին:
Երկու երկրների գլխավոր դիվանագետները հանդիպեցին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ: Ավելի վաղ թուրքական կողմը Հայաստանին միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկել, ինչին պաշտոնական Երևանը դրական էր արձագանքել:
Սա վերջին 14 տարիների ընթացքում Հայաստանի և Թուրքիայի գլխավոր դիվանագետների առաջին երկկողմ հանդիպումն է: Զրույցից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել:
ՀՀ արտաքին գործերի նախարարություն - Արտգործանախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրականացնելու Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացն առանց նախապայմանների։ Նրանք համակարծիք էին, որ կարգավորումն անհրաժեշտ է ամբողջ տարածաշրջանին»:
Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումն անցել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին: Ամբողջ դիվանագիտական ֆորումի առանցքում եղել են հենց Եվրոպայի արևելքում ծավալվող իրադարձությունները: Չնայած դրան, հանդիպումը եղել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, նշում է Սաֆրաստյանը: Մասնագետը նաև ընդգծում է՝ այս գործընթացի վրա որոշակի ազդեցություն է շարունակում ունենալ Ադրբեջանը:
Ռուբեն Սաֆրաստյան - Թուրքիան հայտարարում է, Չավուշօղլուն էլ Միրզոյանի հետ հանդիպումից հետո էլ հայտարարեց, որ մենք մի ժողովուրդ ենք, ուղղակի երկու պետության մեջ ենք: Այսինքն, ամբողջությամբ համաձայնեցված են հանդիպումները, որ տեղի են ունենում հայ-թուրքական բանակցությունների շրջանակում Ադրբեջանի հետ:
Մինչ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասցրել էին երկու հանդիպում անցկացնել: Այս գործընթացի վերջնարդյունը պետք է լինի դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը, ավելի վաղ հայտարարել էր հայկական կողմը:
1lurer.am