Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի արդեն 2025-ին. ներդրումները կկազմեն 174 մլն դոլար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 24-ի նիստում որոշում կայացրեց, որով փոփոխություն կատարեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում: Մասնավորապես, որոշվեց, որ «Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինել «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 200 մգվտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է:
«Արդեն ունենք հաղթող, որն առաջարկել է մեկ կվտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է: Բացի այդ, մրցութային պայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը եւս 15 տոկոսի չափով ունի փայամասնակցություն: Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտ 174 մլն դոլար:
Կայանը կառուցվելու է Դաշտադեմ եւ Թալին համայնքների հատվածներում: Այդտեղ արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել ենք համայնքների հետ, հողահատկացման պրոցեսը ընթացքի մեջ է: Հողը պետության կողմից է տրամադրվոըւմ: Մենք ունենք բավականին լավ արդյունքներ: Մոտավորապես կայանը գործարկվելու է 2025 թվականին,-ասաց Ավինյանը:
Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց. «Նախընտրական շրջանում շատ էր խոսվում, որ միջազգային հայտնի կորպորացիաները ՀՀ-ում ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկն է: Սա իր դրական ազդեցությունն է ունեալու ոչ միայն տնտեսության տեսակետից, այլեւ ներդրումային միջավայրի գրավչության, որովհետեւ այս ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարեւոր ու դրական ազդակ է միջազգային ներդրողների համար;