Արդարադատության նախարարությունն առաջարկում է խոշտանգումների եւ ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը վերապահել Քննչական կոմիտեին: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` այս պահին գործող քրեական դատավարության օրենսգրքի համաձայն խոշտանգում հանցակազմը քննվում է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի կողմից, բայց պետք է լինի այնպիսի քննչական մարմին, որը թե ինստիտուցիոնալ, թե գործառույթային տեսանկյունից անկախության ավելի բարձր երաշխիքներ ունի:

«Իսկ այդպիսի մարմին պետք է դիտարկենք Քննչական կոմիտեին: Ազգային անվտանգության ծառայության մասով արդեն իսկ նշեցի, որ առկա գործընթացում նրանց է վերապահված դրա քննությունը, բայց հաշվի առնելով իմ կողմից նշված գործառութային և ինստիտուցիոնալ անկախության կարևոր հանգամանքը, ԱԱԾ-ն չի կարող քննել նմանատիպ գործերը:

Ունենք հարկային և մաքսային մարմինների քննչական հատվածներ, որոնք ևս հաշվի առնելով իրենց սպեցիֆիկ ենթակայությունը, չեն կարող քննել այս հանցակազմը: Նաև Հակակոռուպցիոն կոմիտեն, որը նույնպես ունի սպեցիֆիկ ենթակայություն, ևս չի կարող քննել այս հանցակազմը: Դրա համար մեզ մնում է Քննչական կոմիտեն, որը ունի գործառույթային և ինստիտուցիոնալ անկախություն»,- ասաց Սարգսյանը:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն