Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը: Հարցազրույցը հրապարակել է ՀՀ ԱԳՆ-ն:

Հարց․ Ինչպե՞ս կգնահատեք Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացը:

Պատասխան․ Ընդհանուր առմամբ, մենք այն դրական ենք գնահատում։ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը։ Ուրախ էի իմ թուրք գործընկերոջից լսել, որ իրենց կողմից նույնպես կա քաղաքական կամք՝ գործընթացը տանելու այդ նպատակին։ Կարծում եմ՝ հիմա, երբ իրադարձություններն աշխարհում շատ արագ են զարգանում, մենք չպետք է վարանենք կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Հարց. Որո՞նք են կարգավորման գործընթացի օգուտները հայ և թուրք ժողովուրդների համար:

Պատասխան․ Մարդիկ արդեն իսկ օգտվում են Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթներից։ Սահմանների բացումն իր դրական ազդեցությունը կունենա երկու երկրների միջև կոմունիկացիոն հաղորդակցության, առևտրատնտեսական հարաբերությունների, մարդկանց միջև շփումների և, ընդհանրապես, տարածաշրջանում կայունության վրա։

Հարց. Թուրքիայի և Հայաստանի միջև փոխադարձ պաշտոնական այցեր կլինե՞ն։ Դուք թուրք պաշտոնյաներին Հայաստան այցելելու հրավեր ուղարկե՞լ եք կամ հրավեր ստացե՞լ եք այցելելու Թուրքիա։

Պատասխան․ Ընդգծեմ, որ սա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Թուրքիա վերջին տասնամյակում։ Ավելորդ է նշել, որ եթե կարգավորման գործընթացը հարթ ընթանա և մենք հասնենք դրական արդյունքների, կարող են փոխայցելություններ լինել։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն