ԱԺ-ն քննակում է ժամանակավոր անաշխատունակության նպաստի վերաբերյալ նոր կարգավորումները
Ազգային ժողովում այսօր քննարկվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագիծը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի նպատակն է կարգավորել վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի նշանակման պրակտիկայում ծագած խնդիրները: Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է վարձու աշխատողին ժամանակավոր անաշխատունակության նպաստի տրամադրման ժամկետի երկարաձգումը չկապել հաշմանդամության խմբի սահմանման կամ վերանայման հետ։
«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:
Գործող կարգավորումներով ժամանակավոր անաշխատունակությունն առնչվում է հաշմանդամության սահմանման հետ, սակայն իրավակիրառ պրակտիկայում եղել են դեպքեր, երբ հաշմանդամությունը սահմանվում է ավելի ուշ, քան ժամանակավոր անաշխատունակության թերթիկի առավելագույն ժամկետն է։ Լինում են դեպքեր, երբ հաշմանդամություն սահմանվում է ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման առկայությամբ, այլ, օրինակ, ինքնուրույն տեղաշարժման կամ կենսագործունեության այլ տեսակի սահմանափակման դեպքում, երբ կարող է անաշխատունակության թերթիկ չտրվել, սակայն, առողջական վիճակով պայմանավորված, կենսագործունեության սահմանափակումը հանգեցնի հաշմանդամության ճանաչման։ Այսինքն՝ հաշմանդամությունը կարող է սահմանվել նաև անաշխատունակության ժամանակահատվածում, իսկ անձի անաշխատունակությունը կարող է վերականգնվել ավելի ուշ, քան հաշմանդամություն սահմանելը»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Սրանով ֆիքսում ենք, որ անաշխատունակության մեջ գտնվելը և նպաստ ստանալը գործատուից չի կապվում այլևս հաշմանդամության խումբ ձեռք բերելու բժշկասոցիալական փորձաքննության գործընթացների հետ»,- ասել է Խաչատրյանը։
Shantnews.am