Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքը դատավորների օրինագծի հետ կապված նման էր առաջին կուրսի իրավաբանականի ուսանողի կուրսային աշխատանքի ստուգման: Ակնհայտ երևում էր, որ դա անգրագետ օրինագիծ էր։ Իրենք հստակ նշել են, որ դա մահակ կամ մուրճ է դառնալու դատավորների համար։ Այս մասին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հարցն ուղղելով Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

«Դուք, երբ ներկայացնում էիք այդ օրինագիծը, իրապես սպասում էիք դրական արձագանքի՞, թե դա խոստացված, բայց չիրականացված ռեֆորմների պատրանք ստեղծելու նպատակ ուներ։ Ի միջայլոց, հաշվի առնելով Ձեր նախասիրությունները, կարող եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պահել, որ անաչառ ու ազնիվ պատասխանեք»,- ասաց Մամիջանյանը։ 

Ի պատասխան՝ Անդրեասյանը նշեց․ «Եթե մի ուսանողի մակարդակի իրավաբան ունենայիք ձեր խմբակցությունում, կկարողանայիք կարդալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական խելացի և հիմնավոր հարցերի մասին, որի ընկալման համար լրջություն է պակասում։ Մեր նախաձեռնությունը վերաբերում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ովքեր ապօրինություններ են թույլ տվել։ Եվրոպայի մեր գործընկերնեը շատ լավ հասկանում են՝ ինչ նախագիծ է սա և վստահեցնում եմ, որ հանձնաժողովի կարծիքները հաշվի առնելով՝ այդ դատավորները կկարողանան դուրս մղվել դատական համակարգից»,– ասաց Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը, երբ նոր էր նշանակվել Արդարադատության նախարար, ասել էր․«Նիկոլ Փաշինյանի նկարին նայելով՝ հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ…»։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն