ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից սոցիալական աջակցության համար դիմումներ չեն ստացվել: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ցանկացած տեսակի հարց, որ կարող է քաղաքացիների կողմից բարձրացվել, տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության 49 միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների միջոցով: Կարող եմ ասել, որ այսօրվա տվյալներով չունենք դիմումներ, հասցեագրված միասնական սոցիալական ծառայությանը կամ նախարարությանը Հայաստան ժամանած ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիներից: Հետևաբար, այս ուղղությամբ որևէ սոցիալական ծրագրի հարց նախարարությունում չի քննարկվում»,-ասաց նախարար Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ միայն մեկ կամ երկու դեպք է եղել, երբ Ուկրաինայի հայ քաղաքացիները, որոնք ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, հետաքրքրվել են կենսաթոշակի հետ կապված հարցերով:

«Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին (խմբ. ռուս-ուկրաինական զարգացումներ), սոցիալական ծրագրերի պահանջ լինելու դեպքում, անպայման քննարկման թեմա կդարձնենք»,-ասաց նախարարը: 

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն