102 տարի առաջ, 1920 թ. մարտի 22-26 -ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը Արցախի մայրաքաղաք Շուշիում իրականացրեց տեղի հայ ազգաբնակչության զանգվածային կոտորած։ Թշնամու նենգաբար կազմակերպած և անողոքաբար իրագործած կոտորածին զոհ գնաց շուրջ 20.000 հայ բնակիչ, Շուշին ավերվեց և հայաթափվեց, մազապուրծ եղած հայ բնակչության մեծ մասը հեռացավ քաղաքից, և նույնիսկ խորհրդային տարիներին այլևս չվերադարձավ, խուսափելով ջարդերի կրկնությունից։ 

Շուշիում իրականացվող կոտորածը, ադրբեջանական կառավարության ներկայացուցիչ Խոսրով Բեկ Սուլթանովի ղեկավարությամբ շարունակվեց 6 օր ։Նրա անմիջական կարգադրությամբ, թշնամին ամենադաժան գործողություններով փորձում էր իսպառ բնաջնջել Շուշի քաղաքի հայ բնակչությանը։  Նպատակը մեկն էր՝ հայաթափել Արցախը, փոխել նրա ազգային կազմը, և վերջնականապես փակել նրա անկախության հարցը։ Ու թեև Շուշիում թշնամին հաջողեց, Արցախի մնացած մասերում հայկական զինված ուժերի դիմադրությունը ձախողեց Արցախի հայաթափման նրա պլանները։ Արցախը, թեև վիրավոր, դիմացավ ծանր հարվածին, կարողացավ խորհրդային շրջանում որոշակի ինքնավարություն ստանալ, իսկ 1991-94 թվականների հաղթական պատերազմից հետո՝ փաստացի անկախանալ, և կանգնել վերականգնման և զարգացման ուղու վրա։

Ցավոք, այսօր, 102 տարի անց, մեր բազում սխալների արդյունքում, Շուշին նորից հայաթափված է և գտնվում է թշնամու ձեռքում։ Ով գեթ մեկ անգամ եղել է Արցախում, գիտի, որ Շուշին Արցախի բանալին է, ով վերահասկում է այն, ի վերջո վերահսկում է մնացած Արցախը։ Թշնամին, օգտվելով այդ պահային առավելությունից, փորձում է այսօր էլ գազային շանտաժի ենթարկել Արցախի բնակչությանը, պարտադրել նրան հրաժարվել սեփական անվտանգության հիմնական երաշխիքից՝ հայկական զինված ուժերից, զինաթափվել և ենթարկվել Ադրբեջանի պարտադրանքին, որի արդյունքը, անխուսափելիորեն, Արցախի վերջնական հայաթափումն է, իսկ դրանից հետո էլ նույնն է սպառնալու թևաթափ եղած և բարոյալքված Հայաստանին։ 

Այս պայմաններում մեր համար միակ իրական ելքը թե Արցախի, և թե Հայաստանի արագացված վերառազմականացումն է։ Ուկրաինայում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմը ևս մեկ անգամ եկավ ցույց տալու, որ աշխարհը պատրաստ չի թույլերի փոխարեն կռվել, բայց եթե նրանք հերոսաբար և համառորեն դիմադրում են, պատրաստ է նրանց աջակցել՝ ներառյալ ուժեղներին թուլացնելու նպատակով։ 2020 թ․ նոյեմբերի 9-ից ի վեր, Հայաստանի գործող իշխանությունների թեթև ձեռքով մենք անընդհատ եղել ենք ոչ միայն պարզապես թույլի դերում, այլև խեղճի ու անօգնականի, անընդհատ ինչ որ բան զիջել ենք, փոխարենը ոչ մի բան չստանալով, իսկ այդ իշխանությունն էլ, գոնե երբեմն նախաձեռնություն և կամք ցուցադրելու փոխարեն, զբաղված է մեր նորանոր կորուստները հիմնավորելով և թշնամու փաստաբանությամբ։ 

Այսօր յուրաքանչյուրիս համար ժամանակն է ընտրություն կատարելու և ընդդիմանալու այս կործանարար ընթացքին՝ եթե նույնիսկ մենք դեռ թույլ ենք մարմնով, պետք է հրաժարվենք մտքով էլ խեղճ ու տկար լինելուց, ամեն Աստծո օրը դնենք պայքարով և աշխատանքով ուժեղանալու մեջ, թշնամուն քայլ առ քայլ հակադարձելու մեջ, մեր մարդկային իրավունքները վերականգնելու և պաշտպանելու մեջ։ Շուշին Արցախի բանալին է, իսկ Արցախը՝ Հայաստանի, և մենք միասնական պայքարի և աշխատանքի մեր ուժով սեփական ապագայի այդ բանալին պետք է վերանվաճենք, և այլևս երբեք չզիջենք։

Ավետիք Չալաբյան

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն