Խաղաղության «վաճառականները». Հարութ Բերբերյան
Խաղաղությունը, էմոցիոնալ դաշտում ծախելու համար վատ ապրանք չի։ Բայց տանուլ տված պատերազմից հետո, երբ ինքնամոռաց «հաղթելու ենք»-ի սպասումներ ես ձևավորել ու սպառողին այդ հաղթանակը չէս պարգևել, խաղաղություն վաճառելը առաջին հայացքից պետք է որ տրամաբանական չլինի։
Խաղաղությունը սովորաբոր վաճառում է հաղթող կողմը, ով ռեալպոլիտիկի ելակետից, այն փաթեթավորում է համատեղ, խաղաղ ապագա կառուցելու անխուսափելիությամբ։
Երբ խաղաղությունը որպես սպասում ներկայացնում ու վաճառում է պարտված կողմը տրամաբանական շղթան չի գործում։
Կարող է արդյոք «խաղաղության» օրակարգի տակ բլեֆ լինել։ Իհարկե կարող է, բայց ժամանակակից աշխարհում նման կարգի բլեֆերը բացահայտվում են անմիջապես։
Մեզ խաղաղություն են վաճառում, բայց դրա գինը ոչ մի կերպ չեն բարձրաձայնում։ Խաղաղության գնի մասին մենք ոչ մի պատկերացում չունենք, մեզ դեռ համոզում են, գովազդում են «խաղաղություն» կոչվող ապրանքի գրավիչ կողմերը առանց ասելու դրա պայմանները՝ գինը։
Խաղաղությունը իհարկե ցանկալի է կայուն զարգացման համար, բայց գինը ասեք իմանանք։ Իմանանք ինչ է դա ՄԵԶ արժենալու։ Որքան և ինչով ենք վճարելու դրա դիմաց, քանի տարի, քանի կյանք, որքան տարածք, գյուղ ու հանդ։
Խորհրդային կարգերի տապալումից հետո մենք պետք է որ սովորած լինեինք, որ անվճար ոչ մի բան չի լինում։ Ամեն ինչի համար պետք է վճարել, լինի դա ֆիզիկական՝ շոշափելի ապրանք, կարգավիճակ, հարգանք, դիրք. Նույնիսկ խղճահարության համար է պետք վճարել։ Իսկ խաղաղություն վաճառողները ագրեսիվ վաճառականի պես մեզ շարունակում են վաճառել մի բան, որի գինը մենք դեռ չգիտենք։