Ես ոչինչ չեմ կորցրել, նրանք են կորցրել, ինձ չեն հեռացրել: Հեռացնում են այն մարդուն, ում աշխատավարձ են տալիս: Ես աշխատավարձ չեմ ստացել, իսկ դա նշանակում է, որ ինձ չեն հեռացրել: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, որի հետ օրերս մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը։

«Իմ անձնական նախաձեռնությունն է եղել մտնել գեղարվեստական մարմնամարզություն: Ես իմ հեռանալու և փոխնախագահի կարգավիճակից ազատվելու մասին իմացել եմ այլ մարդկանցից: Ինձ որևէ մեկը չի հրավիրել հանդիպման, ֆեդերացիան համարձակություն չի ունեցել ինձ կանչել հանդիպման ու ասել, որ ես ինչ–որ բան սխալ եմ անում կամ ինչը նրանց դուրս չի գալիս։ Ինչ վերաբերում է իմ քաղաքական գործունեությանը, գաղտնիք չէ, որ ես զբաղվում եմ քաղաքականությամբ: Ես մեկ տարի առաջ էլ եմ զբաղվել քաղաքականությամբ, մասնակցել եմ վարչապետի ընտրություններին»,-ասաց Ռոտենբերգը։

Նա նշել է, որ Հայաստան է եկել հանուն ամուսնու, որովհետև նա որոշում էր կայացրել մասնակցել ընտրություններին։

«Եթե ինչ-որ մեկին թվում էր, թե ես, գեղարվեստական մարմնամարզություն մտնելով, պետք է դադարեցնեմ իմ քաղաքական գործունեությունը, սխալվել է։ Ինչի՞ համար եմ ես ստացել երկրորդ բարձրագույն կրթությունս, որպեսզի տանը լավաշ կամ կարկանդակներ թխե՞մ, ես պիտի՛ լինեմ քաղաքականությունում: Հայաստանում օրենքը չի արգելում քաղաքական գործիչին լինել նաև սպորտում, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը քաղաքական գործիչ է և զուգահեռ Օլիմպիական կոմիտեի նախագահ,  նախկին նախագահ Սերժ Սարգսյանը՝ երկրի նախագահ էր և համատեղ շախմատի ֆեդերացիայի նախագահ: Ամեն մարզիկ հանդիսանում է այս կամ այն կուսակցության անդամ: Այստեղ սպորտը և քաղաքականությունը համատեղելու խնդիրը չէր: Սա չի պատճառը, որ ինձ ազատել են փոխնախագահի պաշտոնից: Պատճառն այն է, որ ես հաջողում էի, ես սկսել էի մարդկանց դուր գալ, ես հեղինակություն էի ձեռք բերել, մարդիկ սկսել էին ինձ վստահել և կանգնել իմ կողքին: Այս ամենի պատճառը վախերն էին, որոնք ունեցավ ֆեդերացիան կամ երևի կառավարությունը: Սա վախ է, որ գուցե ես կարողանամ բնակչության մեծ մասին գրավել իմ կողմը»,-ասաց Ռոտենբերգը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն