Իշխանությունների՝ համայնքների ղեկավարների աշխատանքից ազատվելու կոչերը, քանի որ նրանք արտահերթ ընտրություններում աջակցել են ընդդիմությանը, անօրինական քաղաքական հայտարարություններ են: Այս մասին NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի Համայնքների Միության նախագահ Էմին Երիցյանը:

Ըստ նրա՝ որեւէ իրավական հետեւանք չպետք է լինի, եթե այդ հայտարարություններին չհաջորդեն վարչական քայլեր:

Էմին Երիցյանը պարզաբանել է, որ համայնքների ղեկավարներն անկախ են, ուստի նրանք կարող են ընդհանրապես անտեսել այդ հայտարարությունները:

«Համայնքների ղեկավարների կողմից նրանց քաղաքական դիրքորոշման արտահայտումը սովորական երեւույթ է: Ինչպես մեր օրենսդրությամբ, այնպես էլ ամբողջ աշխարհում, համայնքի ղեկավարը քաղաքական պաշտոն է: Ավելին, Հայաստանի նոր ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական, կուսակցական սկզբունքով: Սա խոսում է այն մասին, որ համայնքի ղեկավարը չի կարող չզբաղվել կուսակցական եւ քաղաքական գործունեությամբ: Նրա գործունեությունն ուղղակիորեն քաղաքական է: Այսինքն, համայնքի ղեկավարի գործունեությունը ոչ մասնագիտական է, ոչ ծառայողական, այլ հենց քաղաքական», - ընդգծել է ՀԿ-ի ղեկավարը:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքների համաձայն` նոր խորհրդարանում ներկայացված են լինելու երեք քաղաքական ուժեր` «Քաղաքացիական պայմանագիր»-ը (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ), «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Ձայների հաշվարկից գրեթե անմիջապես հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթ ընտրությունների արդյունքները համայնքների որոշ ղեկավարների, մասնավորապես՝ տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված ղեկավարների համար պետք է ազդանշան դառնան լիազորությունները շարունակելու կամ դադարեցնելու համար»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն