ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից առաջադրված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Արտգործնախարարության տեղեկացմամբ՝ բանաձևը, որ ավանդաբար ներկայացնում է Հայաստանը, գնահատելով ներկա վտանգներն ու մարտահրավերները, նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնականորեն իրականացվեն ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգնման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու և հաշվետվողականություն ապահովելու ուղղությամբ:

Հայ ակադեմիկոսններն ու պրոֆեսորները ողջունում են ՄԱԿ-ի կողմից «Ցեղասպանության կանխարգելում» նախատեսող  բանաձեւի  ընդունումը, բայց նաեւ կասկածում,  որ բանաձեւում առկա դրույթները կկանխեն ցեղասպան Թուրքիային ու Ադրբեջանին իրագործելու իրենց բնորոշ գործողությունները։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը լայն աջակցություն է վայելում, ինչի վկայությունն, ըստ արտգործնախարարության,  տարածաշրջանային հինգ խմբերը ներկայացնող երկրների կողմից դրա համահեղինակումն է ։ Բանաձևն առաջ է քաշում  մի քանի հիմնական խնդիրներ՝ հակամարտության ռիսկերի գնահատման և դրանք թույլ  չտալուն ուղղված քայլերի ձեռնարկում, սոցիալական հարթակների միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգների կանխարգելում, վերահաստատում է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի համընդհանուր վավերացումն ապահովելու անհրաժեշտությունը:

Պատմական գիտությունների դոկտոր,  պրոֆեսոր Էդիկ Մինասյանը կարևորում է փաստաթղթի դրույթները։

«Կանխարգելման լավագույն միջոց կարող են հանդիսանալ նման բանաձեւերը։ Հիշենք՝ երբ նշվում էր Ցեղասպանության 100-րդ տարելիցը, ընդունվեց նաեւ համահայկական հռչակագիրը, որտեղ նաեւ պահանջատիրության խնդիրն էր դրվում։ ՄԱԿ-ի բանաձեւը օգտակար կլինի ցեղասպանությունները կանխարգելելու առումով, բայց չգիտեմ, թե իրագործելու առումով ինչ հնարավորություններ կտա ճնշելու, օրինակ,  Ադրբեջանին կամ Թուրքիային»։

Ցեղասպան երկրներին, եթե նպատակ ունենան դարձյալ ցեղասպանություն իրագործելու, որևէ բանաձեւ չի հետ չի պահի՝ համոզված է պրոֆեսորը։ Փաստաթուղթը նախանշում է այն քայլերը, որոնք պետք է միասնաբար իրականացվեն ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից ցեղասպանության արհավիրքը կանխելու, դրա ճանաչման, արդարության վերականգնման, փոխհատուցման, մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Թուրքիան ու Ադրբեջանը եւս ՄԱԿ-ի անդամ երկրներ են, ու զրուցակիցս չի բացառում այդ երկրների կողմից բնաձեւի տակ ստորագրություն դնելը, ինչը սակայն, չի նշանակի, որ  փաստաթղթի դրույթները հարգվելու են։

«Թուրքիան, Ադրբեջանը այն երկրները չեն, որոնք, ՄԱԿ-ի բանաձեւերը կիրառելով, կարողանան իրագործել դրանք։ Փաստաթղթերը ստորագրելով՝ միշտ ընդունակ են խախտել դրանք»։

Բանաձևով  առաջարկվում է նաև ՄԱԿ-ի շրջանակում կազմակերպել համաժողով, որը նվիրված կլինի Կոնվենցիայի 75-ամյակին։ 1948 թվականին դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց  «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան։ Սա առաջին հիմնարար փաստաթուղթն էր,  որը սահմանում էր «ցեղասպանություն» երևույթը, նշում  դրա հրահրման կամ գործադրման համար մեղավորի՝ լինի  պետություն, թե  պաշտոնյա կամ անձ, պատասխանատվության խնդիրը։

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսում է  հենց այս փաստաթղթի մասին՝ նշելով, որ կոնվենցիան վերջին շրջանում հրատապ է դարձել։ Ցեղասպանագետները շեշտում են, որ փաստաթուղթը պետք է խորը վերլուծության ենթարկվի,  պատասխանատվության հարցը պետք է ավելի շեշտադրվի։

«Եվ այս փաստաթուղթը եւ ՄԱԿ-ը անելիք ունեն կապված Ադրբեջանի քաղաքականության հետ, որովհետեւ Ադրբեջանի քաղաքականությունը Արցախի նկատմամբ, իմ ընկալմամբ, պարունակում է ցեղասպանության տարրեր»։

Թուրքիան հայտարարում է, թե պատրաստ է առանց  նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այդ ուղղությամբ բանակցություններ սկսել։ Մասնագետները չեն վստահում այս հայտարարություններին։  Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդիկ  Մինասյանը կասկածում է  Անկարայի անկեղծությանը և  Թուրքիայի անվստահելի լինելու մասին  հիշեցնում 2009-ի օրինակով։ Երբ ստորագրվում էին հայ-թուրքական արձագրությունները, խոսվում էր գործընթացն առանց նախապայմանների իրականացնելու մասին։ Հետագայում հենց Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց ու հենց ինքն էլ չվավերացրեց արձագրությունները՝ հիշեցնում է Մինասյանը՝ հորդորելով չվստահել թուրքական խոստումներին ու անգամ ստորագրություններին։

Այս տարի բանաձևն: Համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև քննարկել սոցիալական հարթակների և դրանք որպես ատելության գործիք օգտագործելու անթույլատրելիությունը:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն