ԱԺ փոխխոսնակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է առաջիկա հանրահավաքի և ընդդիմության անելիքների մասին։

«Մեր և իշխանության հակադրության, պայքարի հիմնական առարկան և էությունը Հայաստանի և Արցախի ապագայի մասին տեսլականները հակադրությունն են։ Իրենք ասում են ապագա կա՝ զիջելով, մենք ասում ենք՝ զիջումներով ապագա չկա, իրենք հաշտություն կնքելու, տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու լոզունգների տակ փորձում են երկիրը տանել նոր զիջումների։ Դրա համար բացատրում են, որ ժողովրդի կողմից ունեն մանդատ, վերջին ընտրություններին ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել։ Բայց այստեղ է մանիպուլյացիան, ժողովուրդն իրենց նոր զիջումների մանդատ չի տվել։ Պետք է հասկանան, որ մանդատ չունեն, և եթե այդ խաղաղության գինը պետք է լինի մեր հայրենազրկումը, դա խաղաղություն չէ, նոր կապիտուլյացիա է և մեր պետականության վերջնական կորուստ»,-ասել է Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ ժողովրդին խոստացել էին խաղաղություն, ինչից հետո մենք ունեցել ենք նոր կորուստներ, նոր գերիներ։

Խոսելով հանրահավաքի մասին, որը լինելու է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից հանդիպումից առաջ՝ Սաղաթելյանը նշեց, որ այդ հանրահավաքին հստակ ձևակերպումներով հնչեցվելու են կարմիր գծերը, թե ինչ քայլեր պետք է իրականացվի և ինչ ուղղությամբ պետք է գնանք։

«Այս հանրահավաքը շատ կարևորում ենք։ Կա Ադրբեջանի կողմից 5 կետերի առաջարկ, հայ-թուրքական գործընթաց, աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, նոր ճարտարապետությունը, որը Հայաստանի համար նոր անորոշությունների ու սպառնալիքների դաշտ է բացում և այս վիճակում կա մի իշխանություն, որը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ չի կարողանում սպասերկել մեր ժողովրդի, Արցախի և Հայաստանի շահերը։ Այս իրավիճակում ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել ելքեր, քայլեր, այս իմաստով այս հանրահավաքը շատ կարևոր է ու էական»,-ասաց նա։

Նա տեղեկացրել է, որ հանրահավաքը միակը չի լինելու, լինելու են շարունակական՝ նպատակ ունենալով հեռացնել իշխանությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն