«Նիկոլ Փաշինյանը պայմանավորված ձևով ուզում է Արցախի հարցը փակել, ոչ թե լուծել»․ Մենուա Սողոմոնյան
«5165» շարժման անդամները նախապես արված հայտարարության համաձայն՝ 15:00-ից Ազգային ժողովի շենքի մոտ հավաքվելու էին պահանջով, որ ՀՀ Ազգային ժողովը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև անհապաղ աշխատանքներ սկսի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։
«5165» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց, որ իրենց այսօրվա գործողությունը փրկության՝ Արցախի փրկության պահանջ է։
«Արցախին ցեղասպանությունից փրկելու պահանջ է։ Թշնամին մաս առ մաս գրավում է Արցախը, գրավում է հայկական բնակավայրեր, ռազմավարական նշանակության բարձունքներ, որտեղից վերահսկում է ամբողջ Արցախը։ Ի՞նչ պետք է աներ այսպիսի պայմաններում նորմալ իշխանությունը, առաջին հերթին՝ պետք է հակահարված տար, թշնամուն դուրս շպրտեր, երկրորդ հերթին՝ պետք է Ադրբեջանին ստիպեր գալ կարգավորման դաշտ։ Մեր իշխանությունները չեն անում ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Ո՛չ իրենք են այդ պահանջը հստակ դնում, Մինսկի խմբի համանախագահ երկրներից չե՛ն պահանջում, որ Ադրբեջանը գա կարգավորման դաշտ։ Ադրբեջանն արհամարհում է այս պրոցեսը, հայտարարում է, որ չկա Մինսկի խմբի համանախագահություն, չկա պրոցես, չկա Արցախ․․․
Մինչև Հայաստանի Հանրապետությունը չճանաչի Արցախի Հանրապետությունը, ուրիշ ոչ ոք չի ճանաչի։ Միայն Արցախը ճանաչելով է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավատեր կդառնա Արցախի անվտանգության երաշխավորմանը, այլ կերպ ասած՝ ցեղասպանությունից փրկմանը, որովհետև այն քայլերը, որ հիմա են տեղի ունենում, բացահայտ ցեղասպանություն է՝ մաս առ մաս, բայց սիստեմատիկ ձևով տեղի ունեցող ցեղասպանություն․․․»,- ասաց Մենուա Սողոմոնյանը։
Իսկ թե ինչո՞ւ է իրենց շարժման պահանջն ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, Մենուա Սողոմոնյանն այսպես բացատրեց։
«Կարծում եմ, որ անիմաստ է պահանջել Նիկոլ Փաշինյանից, մարդուց, որը պայմանավորված ձևով ուզում է Արցախի հարցը պարզապես փակել, ոչ թե լուծել, և նրան շատ ձեռնտու է, որպեսզի այսպիսի վիճակ ստեղծվի Արցախում, որ ժողովրդի մեջ խուճապային տրամադրություններ արթնացնի, որ Ադրբեջանի առաջադրած կետերը շուռ տա, իբր մենք ենք ցանկանում, արագ-արագ գնա դրա ստորագրմանը»,- ասաց Սողոմոնյանը, ապա հավելեց, որ պետք է ոտքի կանգնեն այդ զարգացումները թույլ չտալու համար։
168.am