«Եվ՛ ուսանողը, և՛ աշակերտը ստիպված է այդ մթերքներն ուտել, որովհետև ունենք կարճ դասամիջոց». Դավիթ Պիպոյան
«Հետազոտությունները ցույց են տվել, որ ազգաբնակչության 35 տոկոսը չի ստանում բավարար չափով կալորիա և 1/3-ն այսօր բախվում է ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալու խնդրին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
Նրա փոխանցմամբ՝ ցավոք, ունենք մարզեր, տարածաշրջաններ, որտեղ բնակչության 35 տոկոսը կալորիաների 75 տոկոս և ավելին ստանում է հացից, ալյուրի հիմքով մթերքներից և կարտոֆիլից:
«Մշտապես ասում ենք՝ խուսափեք հագեցած և տրանսճարպաթթուներ պարունակող մթերքներից: Շատ բարձր ջերմաստիճանում վերամշակում անցած մթերքի դեպքում առաջանում են ազատ ռադիկալներ, և օրգանիզմի համար կարող է օքսիդատիվ սթրես առաջանալ, տարբեր հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանալ: Հստակ ապացուցված է, որ տրանսճարպաթթուները նպաստում են և՛ ճարպակալմանը, և՛ երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացմանը, տարբեր հիվանդությունների զարգացմանը: Ցավոք, գործող իրականությունն այնպիսին է, որ և՛ ուսանողը, և՛ աշակերտը ստիպված է այդ մթերքներն ուտել, որովհետև մենք ունենք կարճ դասամիջոց, չկան համապատասխան պայմաններ: Եթե ասեմ՝ հարգելի ուսանող, դու պետք է գնաս և ուտես ամբողջահատիկ ինչ-որ մթերք, օգտագործես բանջարեղեն, լոբազգի, ձուկ կամ միս, այդ ուսանողը ինձ չի պատասխանի՝ իմ դասամիջոցը քանի՞ րոպե է, որ նշված մթերքներն ուտեմ, կամ որտեղի՞ց ձեռք բերեմ: Մենք չունենք համապատասխան բուֆետ: Զարգացած երկրներում գործում են ճաշարաններ, բուֆետներ, որոնք պետական վերահսկողություն են անցնում, և գինն ավելի մատչելի է, քան կամայական ֆասթ-ֆուդի տեղ:
Այսօր մարդիկ կան, որոնց թվում է՝ առողջ ապրելակերպի են հետևում և միայն օգտագործում են ճարպեր և սպիտակուցներ, ասում են՝ նիհարում ենք, և այլն: Հիշե՛ք, որ քաշը դեռևս առողջության միակ ցուցիչը չէ:
Ի դեպ, Երևանում վերջին տարիներին հացի սպառման ծավալների կրճատման և լավաշի քանակի ավելացման հստակ տենդենց և դինամիկա է նկատվում: Եթե 3-4 տարվա հետազոտություններով ունեինք օրական 350-210 գրամ հաց և լավաշ, ապա վերջին հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ազգաբնակչության 70 տոկոսն օգտագործում է մոտավորապես 130 գրամ հաց և 65.4 գրամ լավաշ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հացի սպառումը բարձր է Կոտայքում, Գեղարքունիքում»,- նշեց նա:
168.am-ի հարցին՝ հայերը, բացի հացից, շատ են օգտագործում քաղցրեղեն, գազավորված ըմպելիքներ, ուսումնասիրություն կատարվո՞ւմ է, առողջական ի՞նչ խնդիրներ են առաջանում, Դավիթ Պիպոյանը պատասխանեց.
«Շատ կարևոր է այն բազմազանությունը, որն առաջարկում են մեր խանութները: Տեսեք, մենք օգտագործում ենք հաց՝ Երևանում՝ մինչև 200 գրամ, Արագածոտնում՝ 240, Արարատում՝ 230, և այլն: Մեզ մոտ բոլոր հացերը պատրաստվում են ցորենի բարձր տեսակի ալյուրից: Այսինքն, եթե մարդն օգտագործի, օրինակ, ամբողջահատիկ հաց, 1-ին, 2-րդ սորտի ալյուրներով պատրաստված հաց, մակարոնեղենային արտադրանք, կարող ենք ասել, որ առողջությանը չի վնասի, որովհետև ամբողջահատիկ ալյուրից պատրաստվող հացը պարունակում է նաև մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ քանակությամբ անտինուտրիենտ: Կան անտինուտրիենտներ, որ սննդարդյունաբերությունից հանել են, որ ապրանքային գեղեցիկ տեսք ստանան: Էսթետիկական կողմին կուլ գնալու արդյունքում ձեր օրգանիզմը չի ստանում բավարար քանակով սննդանյութեր, որն անհրաժեշտ է առողջության, երկարակեցության համար: Ցանկալի է, որ և՛ հացի, և՛ հատիկեղենի, և՛ ալյուրի հիմքով մթերքների դեպքում մշտապես նախապատվությունը տան ամբողջական հատիկից պատրաստված տարատեսակին, որպեսզի բջջանյութի բավարար քանակություն ստանա օրգանիզմը:
Երկրորդ կարևոր հանգամանքն օրական 5 չափաբաժին մրգի և բանջարեղենի օգտագործումն է: Շատ կարևոր է կաթնամթերքի օգտագործումը: Քաղցրավենիքների, գազավորված ըմպելիքների սպառման առումով հետազոտությունները ցույց են տվել, որ տվյալները խիստ տատանողական են, որովհետև ամռանը, երբ սկսվում է թարմ մրգերի սեզոնը, մասնավորապես՝ ծիրանի, կեռասի, ապա հուլիսից մինչև սեպտեմբեր սպառումը նվազում է, սեպտեմբեր-հոկտեմբերից մինչև մայիս շատ մեծ է սպառողների այն խումբը, որ ամեն օր օգտագործում է քաղցրավենիք, թխվածքաբլիթ: ԱՀԿ-ն, սննդաբաններն ասում են՝ կարևոր դեր ու նշանակություն ունի մրգերի և բանջարեղենի սպառումը: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս օրական 5 չափաբաժին (80 գրամ) 400 գրամ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Ամռանը օգտագործում ենք 400 գրամից շատ ավելի միրգ և բանջարեղեն, իսկ ձմռանը բանջարեղենի սպառումը շատ փոքր թիվ է կազմում»:
ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը ցավով նշեց՝ մարզերում կենդանական ծագում ունեցող մթերքների, մսի, մսամթերքի ցածր տոկոսով սպառում ունենք:
168.am